Վեցակի Օլիմպիական չեմպիոն Վիկտոր Անին հանձնվեցին «Նովոգորսկ օլիմպիական գյուղում» գտնվող տան բանալիները:
Սոչիի օլիմպիադայում Անը վաստակել է երեք ոսկե և մեկ բրոնզե մեդալ: Խաղերի ընթացքում Ռուսաստանի չմշկասահորդների միության նախագահ Ալեքսեյ Կրավցովը խոստացել էր, որ Անը սեփական բնակարան կունենա Մոսկվայում:
Շորտ-տրեկիստը հայտարարել էր, որ արդեն տեսել է իր ապագա տունը և շուտով այս հարցի հետ կապված որոշում կկայացնի: Բիզնես կարգի տունը, որի բանալիները հանդիսավոր պայմաններում հանձնվեցին Վիկտոր Անին, ունի 219 քմ մակերես:
Այնտեղ կա մեծ հյուրասենյակ-ստուդիա, մի քանի ննջասենյակ, բուխարի, բաց տեռաս և ավտոտնակ: Անմիջական հարևանությամբ գտնվում է մարզական բազան:
Նախնական համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ Վիկտոր Անը կանցկացնի վարպետության դասընթացներ, կպարապի երեխաների հետ, նրա անունով կկոչվի Մոսկվայի մարզի Իվանտեևկա բնակավայրի ծածկած սահադաշտը:
Հիշեցնենք, որ պատմության մեջ ամենաշատ նվաճումներ ունեցող շորտ-տրեկիստը մինչև 2011թ-ի դեկտեմբերը հանդես էր գալիս Կորեայի Հանրապետության հավաքականի կազմում:
Սակայն ծանր վնասվածքների պատճառով նրան հեռացրել էին հավաքականից և խաչ քաշել տաղանդավոր մարզիկի վրա:
Չհամակերպվելով իր մարզական կարիերան ավարտելու մտքի հետ, Անը տեղափոխվեց Ռուսաստան, փոխելով ոչ միայն քաղաքացիությունը, այլև անունը, և փայլուն հանդես եկավ Սոչիում: