ArmLur.am-ը զրուցել է արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի հետ՝ պարզելու նրա տեսակետը գործարար Սամվել Կարապետյանի կալանավայրից հրապարակված հայտարարության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Կարապետյանը հայտարարել էր, թե «Ստեղծելու ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ, գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ»:
-Տիկին Սամսոնյան, հաշվի առնելով, որ Սամվել Կարապետյանը պաշտոնապես հայտարարում է նոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրության մասին, և ընդգծում է, որ պատրաստ է համագործակցել գաղափարակից ուժերի հետ՝
ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։ Դուք պատրա՞ստ եք համագործակցել նրա նախաձեռնության հետ` որպես արտախորհրդարանական ընդդիմադիր գործիչ:
-Հայաստանում թարմ քաղաքական ուժերի կարիք կա՝ հաշվի առնելով քաղաքական լճացած և մաշված ներկապնակը։ Սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ մարդկանց մեծամասնությունը չունի վստահություն կուսակցությունների նկատմամբ։ Նախկին նախագահների երկու քաղաքական միավորները փորձում են այդ դաշտում պահել իրենց մոնոպոլ վիճակը, իսկ փոքր արտախորհրդարանական կուսակցությունները մարդ կուսակցություններից այդպես էլ չաճեցին։ Ցանկացած ձևավորվող նոր քաղաքական ուժ կարող է թարմություն բերել դաշտին։ Սամվել Կարապետյանի թիմը պետք է ռեալ գիտակցի ինչի մեջ է մտնում, և թույլ չտա, որ իրեն ասոցացնեն նախկին նախագահների հետ, իսկ դրա վտանգը կա։ Ինչպես Բագրատ Սրբազանին մոլորեցրին ու քաղաքական շարքից հանեցին, այնպես էլ այս դեպքում կարող են անել։ Ես դրա ծիլերը ի աջակցություն Սամվել Կարապետյանին իրականացվող երթի ժամանակ արդեն տեսա ու զգացի։ Բացի դա, քաղաքականությունը չի սիրում կոմֆորտ, երկդիմություն և անվճռականություն։
Ինչ վերաբերում է ինձ, որպես արտախորհրդարանական ընդդիմադիր գործիչ, ես պատրաստ եմ համագործակցել բոլոր նրանց հետ՝ ում հետ կկիսեմ արտաքին և ներքին քաղաքական ընդհանուր նպատակները:
-Իշխանությունների կողմից Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ճնշումները, ինչպես նաև նրանց դեմ ուղղված գործողությունները, ովքեր կանգնում են նրա կողքին, վկայում են քաղաքական հետապնդումների մասին։
Ինչպե՞ս եք գնահատում նման զարգացումները։ Եվ արդյո՞ք այս իրավիճակում համախմբումը դառնում է քաղաքական անհրաժեշտություն։
-Արդեն սկսված քաղաքական հետապնդումները շարունակվելու են և լինելու են նաև նոր քաղաքական հետապնդումներ։ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ փորձելու է հնարավորինս ճնշել մրցակցային հնարավոր դաշտի ստեղծմանը։ Նա ունի երկու խնդիր՝ չեզոքացնել լուրջ մրցակիցներին և ուժեղացնել բոլոր այն կուսակցություններին, ովքեր պոտենցիալ ունեն ընտրություններին անցնել պառլամենտ և կոալիցիա կազմել Քաղաքացիական պայմանագրի հետ։ Մենք այդպիսի օրինակ Երևանի ավագանու ընտրություններում արդեն տեսել ենք։ Գառան դիմակով որպես ընդդիմադիր դիրքավորվում են, հետո օգնում են ՔՊ-ին վերցնելու իշխանությունը։ Այդպիսի նոր ուժեր այս ընտրություններում հաստատ լինելու են։ Ես բավականին քաղաքական փորձ ունեմ՝ չհավատալու լայն կոնսոլիդացիաներին, որովհետև դրանք խոցելի են։ Եվ փաստ չի, որ մեծ համախմբումը կարող է դրական ակումուլյատիվ էֆեկտ տալ ընտրություններում։ Մեծ համախմբման գործոնը ավելի կարևոր է լինելու հետընտրական շրջանում, եթե Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն չտանի։ Կարծում եմ՝ չի տանի և դա արդեն իսկ լավ է։
Անահիտ Պետրոսյան























