Ռուսաստանը ոչնչի առաջ կանգ չի՛ առնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես` Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը կարելի է ասել՝ իրողություն է:

Չնայած այն բանին, որ Ղրիմի հանրաքվեից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե Ռուսաստանը չի պատրաստվում նույն  կերպ հետամուտ լինել Ուկրաինայի արևելյան շրջանների ռուսազգի բնակչության իրավունքների պաշտպանությանը, իսկ ավելի պարզ ասած` բռնակցել նաև  այդ շրջանները, իրադարձությունների հետագա ընթացքը ցույց տվեց, որ դա այդպես չէ:

Ղրիմի հանրաքվեին հաջորդող օրերին ռուս անջատողականները մեկը մյուսի հետևից գրավեցին Ուկրաինայի Արևելյան շրջանների պետական նշանակության օբյեկտները և արդյունքում՝ Ուկրաինայի գործող նախագահ Օ. Տուրչինովը ստիպված եղավ  ընդունել երկրի ազգային անվտանգության խորհրդի կայացրած որոշումը`  Ուկրաինայի զինված ուժերը ռուսների դեմ գործադրելու մասին:

Ընդ որում, հարկ է նկատել, որ այդ հարցում որոշակի նշանակություն ունեցավ ինչպես Եվրամիության ոչ միասնական  և ոչ բավարար վճռական հակազդեցությունը, այնպես էլ Ուկրաինայի գործող իշխանությունների անհեռատես  պահվածքը:

Մինչ Ռուսաստանը գազային վերջնագրեր էր ներկայացնում Ուկրաինային` պահանջելով վճարել 11 միլիարդ եվրոն գերազանցող պարտքը, հակառակ դեպքում եվրոպական 18 երկրներին խոստանալով պարզապես դադարեցնել գազի մատակարարումը, Եվրամիության անդամ երկրները հապաղում էին Ռուսաստանի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցների սահմանման հարցում:

Մասնավորապես Գերմանիան, որը  մինչև երկուշաբթի օրը  չէր համաձայնվում պատժամիջոցները խստացնելու առաջարկին, երեկվանից, սակայն, երբ ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը բացահայտ կերպով  փորձում է մասնատել Ուկրաինան` այդ ընթացքում շանտաժի ենթարկելով ողջ Եվրոպային, փոխեց իր դիրքորոշումը: Բայց ինչպես ասում են` գնացքն արդեն գնացել է:

Ուկրաինայի հարավ- արևմուտքում տիրող իրավիճակը ներկայում ամբողջովին դուրս է եկել  վերահսկողությունից: Այդ մասին  ուկրաինական զինուժի կողմից Կրամատորսկում գտնվող բազան ռուսներից հետ գրավելուց հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած հեռախոսազրույցում հայտարարել է  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` զգուշացնելով առաջիկա արյունահեղության վտանգի մասին:

Այդպիսով` Ռուսաստանը բացահայտ կերպով հայտարարում է,  որ իրենք ոչնչի առջև կանգ չեն առնելու, և, ի վերջո, ամեն ինչ տանելու են երկրի  վերջնական մասնատմանը` արդեն մարդկային բազմաքանակ զոհերի գնով:

Այսօր Ժնևում կայանալու են քառակողմ բանակցություններ Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրամիության մասնակցությամբ, որոնց ընթացքում   եթե  փոխզիջումային  եզրեր չգտնվեն, ապա  Ուկրաինայում կհաստատվի  երկարատև քաոս` անկանխատեսելի հետևանքներով: Այս ամենից հետո դժվար է  Մայդանում պայքարող ուկրաինացիներին չուղղել հռետորական հարցը` էս էի՞ք ուզում:




Լրահոս