Խոշոր ավտովթար Երեվանում. «Ժիգուլիի» 3 ուղևորները այրվել են մեքենայում (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կեսգիշերին մոտ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Ռուբինյանց փողոցի՝ դեպի Ավան և Նոր Նորք տանող կամուրջի սկզբնամասի հատվածում։ Իրար են բախվել Ժիգուլի ՎԱԶ 2102 43 LO 106 պետհամարանիշի և BMW մակնիշի, 28 UL 338 պետհամարանիշի մեքենաները, ինչի արդյունքում ՎԱԶ 2102–ի մեջ հրդեհ է բռնկվել և նրանում գտնվող 3 ուղևորների կյանքը չի հաջողվել փրկվել։ Դեպքի վայրում գտնվող մեր թղթակիցը պատմեց, որ թեև պաշտոնական տվյալներ հայտնի կլինեն միայն համապատասխան փորձաքննությունից հետո, այնուամենայնիվ, բախման ենթարկված մեքենաների դիրքից կարելի էր կռահել, որ Ժիգուլին երթևեկելիս է եղել Նոր Նորքի զանգվածի կողմից եկող ուղղությամբ, իսկ BMW–ն՝ հակառակ՝ Զեյթունից եկող ուղությամբ։ Ամենայն հավանականությամբ Ժիգուլու վարորդը կորցրել է կառավարումը, և մեքենան բավական ուժգին բախվել էր BMW–ի դիմացի ձախ անկյունին։ Այնուհետև Ժիգուլու մեջ հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում էլ բոլոր ուղևորները մահացել են։ Մեր թղթակիցը պատմեց, որ “”Ժիգուլին”” ջախջախված և գրեթե ամբողջությամբ այրված վիճակում էր, մինչդեռ BMW–ի վնասվածքներն անհամեմատ փոքր էին։ BMW-ի վարորդը լուրջ վնասվածքներ չէր ստացել, և ընդամենը թեթև բողոքներ ուներ ծնկների հատվածում։ Մեր թղթակցի հաղորդմամբ դեպքի վայր էին ժամանել հրշեջ ծառայության երկու մարտական հաշվարկ, 3 շտապ օգնության մեքենա և մեծ քանակով ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության մեքենաներ։ Դեպքի վայրում երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էր։ Նշենք, որ Ռուբինյանց փողոցի այդ հատվածում արդեն մի քանի ամիս է, իրականացվում են խողովակների մոնտաժման աշխատանքներ, և ներկայում փողոցի միջնամասում գտնվող մի զգալի շերտ ասֆալտապատված չէ և խողովակները տեղադրելուց հետո լցված են խճաքարերով։Լուսանկարներն արված են սիրողական տեսախցիկով, ինչի համար հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը։ 




Լրահոս