Այս անգամ Վեհափառը կարձագանքի՞. նամակ «Կոշ»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին բաց նամակով դիմել են ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի մի խումբ դատապարտյալներ` խնդրելով գոնե այս խնդրագրին արձագանքել:

Նամակում մասնավորապես ասվում է` «Կրկին անհանգստացնում ենք Ձերդ մեծությանը, քանի որ մեր առաջին խնդրագրին` հղված Ձեզ, ոչ մի արձագանք չտրվեց:

Մենք դիմել էինք Ձեզ` խնդրելով Ձեր ամենակարող միջնորդությունը, որպեսզի մեր` դատապարտյալներիս, վաղաժամկետ պայմանական ազատման իրավունքները և օրենքները գործեն և այլևս չխախտվեն:

Այն պահին, երբ մեկ տարի է մնացել Եղեռնի 100-ամյակին, և ամբողջ աշխարհով աղաղակում ենք, որպեսզի միջազգային հանրությունը այն ճանաչի, սակայն այդ նույն պահին երկրի ներսում կատարվում են անօրինականություններ, որոնք համարժեք են ցեղասպանության, և այն նույնիսկ ավելի ենք համարում:

ՀՀ արդարադատություն կոչվող նախարարությանը պատկանող կալանավայրերում տիրող անօրինկանությունը` կապված դատապարտյալներիս վաղաժամկետ պայմանական ազատման գործընթացի հետ, օրենքը գործում է միակողմանի` միայն դատելու համար:

Իսկ ազատելու և ուղղելու համար այն չի գործում: Կալանավայրն ստեղծված է մարդկանց ուղղելու, բուժելու և հասարակություն վերադարձնելու համար, ոչ թե, պահելով մինչև օրացույցային ազատում, հասցնելու հոգեկան շեղումների, քանդելու ընտանիքները:

Չէ՞ որ պետությունը հիմնավորված է ամուր և կայուն ընտանիքների վրա, սակայն երբ ուսումնասիրեք, կտեսնեք, թե ինչքան ընտանիքներ են փլուզվում, քայքայվում մարդկանց վաղաժամկետ պայմանական չազատելու հետևանքով:

Այսքան աղաղակում և բարձրաձայնում ենք, սակայն, կարծես, երկիրը դատարկ է, նույնիսկ արձագանք չկա: Մեր հոգևոր առաջնորդ, խնդրում ենք  Ձեզ` ինչպես Ռուսաստանի, Վրաստանի և Հունաստանի հոգևոր առաջնորդները, միջամտել համապատասխան պաշտոնատար անձանց և մարմիններին և դրանով լուծում տալ դատապարտյալներիս` այս ցավալի խնդրին, չէ՞ որ մենք էլ ենք հայ ժողովրդի մի մասնիկը և հոգևոր մասը կազմում և ընդամենը խնդրում ենք մեզ հասանելիք, օրինական, Քրեական օրենսգրքով նախատեսված վաղաժամկետ պայմանական ազատման գործընթացի գործարկումը, որպեսզի մենք հասնենք և պաշտպանենք մեր ընտանիքները:

Հավատացած լինելով, որ Դուք` Լուսավորչի Աստվածատուր գահի 132-րդ գահակալդ, մտահոգ եք յուրաքանչյուր հայիս ճակատագրով ի տեր կկանգնեք օրենքի և արդարության վերականգնմանը, ինչն անտեսվում է և չի գործում երկար տարիներ և գործում է միայն միակողմանի` դատելու համար:

Այս խնդրագիրն ուղղում ենք Ձեզ բոլոր դատապարտյալներիս կողմից` մեր ընտանիքների և հայրենիքի շահերից ելնելով»:

«Կոշ» ՔԿՀ մի խումբ դատապարտյալներ




Լրահոս