armlur.am-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե նրա գնահատմամբ՝ ինչ չափանիշների պետք է համապատսխանի ԱԺ ապագա նախագահը:
– ԱԺ նախագահ պետք է ընտրվի մարդ, որը համապատասխանում է մի շարք չափանիշների՝ անաչառ է, անկաշառ, վարկաբեկված չէ, համարձակ է, ունի քաղաքական և խորհրդարանական աշխատանքի և ղեկավարման հարուստ փորձ, կրթված է և իր աշխատանքային գործունեությունը սկսել է արտադրությունից, ընդհանուր նպատակի շուրջ ունակ է համախմբել տարբեր դիրքորոշում ունեցողներին:
Այդպիսի մի անձ կա ԱԺ մեծամասնության շարքերում, որի մոտ միայն խոսքեր չեն, որ կաշառակերությունն արգելված է, ու այդ մարդը պիտի առաջարկվի ԱԺ նախագահի պաշտոնում:
Միայն նման մարդը կարող է ԱԺ հեղինակությունը բարձրացնել իրականում և չթույլատրել, որ այն, ինչպես միշտ, լինի կառավարության կցորդը և նոտարական գրասենյակը:
Եվ միայն այդպիսի խորհրդարանը կարող է արդյունավետ աշխատել իր կրտսեր գործընկերոջ՝ կառավարության հետ, արդյունավետ՝ ի նպաստ տնտեսության և երկրի զարգացման:
– Ո՞ւմ նկատի ունեք, պարո՛ն Խաչատրյան, ձեր ընկեր Կարեն Կարապետյանի՞ն:
– Շնորհակալությո՛ւն, ճիշտ կռահեցիք, ուրեմն դիպուկ էի նկարագրել:
– Իսկ նոր կառավարությունից ի՞նչ սպասելիքներ ունեք:
– Առաջին իսկ օրը խորհրդարանի և կառավարության առաջին իսկ որոշումը, եթե չլինի անզեն աչքով տեսանելի և ընդունելի, ժողովուրդը կհամարի, որ մեկելները մյուսների օրգանական շարունակությունն են: Միայն այդ դեպքում ժողովուրդը կհավատա, որ հույս կա փոփոխության, երբ տեսնի, որ առաջին իսկ օրը առաջին իսկ քայլը կատարվեց:
Օրինակ՝ վերջին 4 տարում Ապարանի տարածքից մոտ 15 կմ խոշոր տրամաչափի խողովակ ապամոնտաժվեց, և թափվեց ոռոգման մի ողջ համակարգ, նույնիսկ Շենավան համայնքում ոռոգման գծի միջի ջուրը ոռոգման սեզոնին դատարկվեց, ապամոնտաժեցին, գյուղացիներին լարին, վախցրին ու տարան: Նման դեպքերում գյուղացին մեղադրում է երկրի նախագահին, նա չի ճանաչում թալանչիներին, ընտրում և պահանջում են նախագահից:
Հիմա շենավանցին կհավատա, որ, իրոք, իշխանությունները պատրաստ են դրական փոփոխությունների, եթե այդ ոռոգման գիծը վերադարձվի և վերականգնվի, հակառակ դեպքում, ինչպես ԱԺ նախագահի ընտրության պարագայում հավատ չի լինի, այնպես էլ շենավանցին կառավարության ցանկացած որոշում կհամարի դատարկ խոսք:
Անի Ստեփանյան