Սիրիան ձգտում է պահպանել «հանգիստ» հարաբերություններ բոլոր երկրների հետ և հույս ունի բանակցությունների միջոցով անվտանգության համաձայնագրի հասնել Իսրայելի հետ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) նախկին տնօրեն Դեյվիդ Պետրեուսի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ հրեական պետության հետ բանակցությունները «կբացահայտեն, թե արդյոք Իսրայելն իսկապես մտահոգված է անվտանգության հարցերով, թե՞ պարզապես հետապնդում է էքսպանսիոնիստական հավակնություններ»։
Սեպտեմբերի 17-ին Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով նախարար Ասաադ ալ-Շեյբանին և Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը Լոնդոնում բանակցություններ են վարել ԱՄՆ-ի հովանու ներքո։ Կողմերը քննարկել են անվտանգության նոր համաձայնագրի նախագիծ, որը կփոխարինի Գոլանի բարձունքներում իսրայելական և սիրիական ուժերի դուրսբերման վերաբերյալ 1974 թվականի համաձայնագրին։
Ինչպես նախկինում նշել էր ալ-Շարաան, Իսրայելի հետ խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման հարցը «ներկայումս օրակարգում չէ»։ Սակայն նա հավելել է, որ եթե երկու հարևան երկրներին հաջողվի համաձայնության գալ անվտանգության կարգավորումների շուրջ, ապա հնարավոր է «նրանք ապագայում այլ համաձայնությունների հասնեն»։





















































































