Տնտեսական իրավիճակը պահանջում է քաղաքական լուծումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրել է այն 10 քայլերը, որոնց իրականացման դեպքում հիմքեր կստեղծվեն  ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության վերականգման համար:

Armlur.am-ը փորձեց պաշտոնյաներից ճշտել, թե իրենք ծանո՞թ են ներկայացված կետերին և համակարծի՞ք են արդյոք, թե՞ ոչ:

Մեզ հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց, թե ինքը ծանոթ չէ այդ կետերին և կարող է իր կարծիքն ասել միայն ուսումնասիրելուց հետո:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նույնպես  չէր հասցրել ծանոթանալ իր կուսակցի ներկայացրած կետերին, քանի որ քաղաքում չի եղել:

Մեզ հետ զրույցում, սակայն պատգամավորը հայտարարեց, թե որպես տնտեսագետ ճանաչելով իր գործընկերրոջը` վստահ է, որ ներկայացված քայլերը ճիշտ են:

Իսկ ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը նշեց, թե ծանոթ է նշված կետերին, սակայն ինքն այլ մոտեցում ունի: Նա նշեց, թե ներկայացված խնդիրների լուծումը ոչինչ փոխել չի կարող:

«Հայաստանում  տնտեսական խնդիր չկա, Հայաստանում քաղաքական խնդիր կա: Եվ Հայաստանում տնտեսական իրավիճակը պահանջում է քաղաքական լուծումներ», – նշեց նա:

Մեր այն հարցին, թե քաղաքական լուծումներ ասելով, նա նկատի ունի՞ ամբողջական իշխանափոխություն, ՀԱԿ անդամը նշեց.

«Այո: Ընտրություններ, որը հնարավորություն կտա նոր իշխանությանն արդեն անցնել այն ծրագրերի իրականացմանը, որի մաս կարող են կազմել նաև պարոն Մելքումյանի ներկայացրած տնտեսական բարեփոխումները», – նշեց նա:

Նշենք, որ ներկայացված քայլերի թվում են նաև հանրային նշանակության խնդիրների լուծումը, օրինակ` տրանսպորտի սակագնի խնդիրը, գազի գինը, կուտակային կենսաթոշակային համակարգը և այլն:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս