Ովքե՞ր են մասնակցելու ապրիլի 28-ի բողոքի ակցիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 28-ին  տեղի է ունենալու ակցիա` ընդդեմ Մաքսային միության Հայաստանի անդամակցության, որին մասնակցելու է նաև «Արարում» նախաձեռնությունը, որի ստեղծած ֆեյսբուքյան էջից էլ տեղեկանում ենք այդ մասին:

Armlur.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Նվարդ Ավետիսյանն ասաց, որ մի քանի նախաձեռնությունների մտահղացումն է եղել կազմակերպել նման ակցիա: Թե կոնկրետ որ նախաձեռնությունների մասին է խոսքը, նախաձեռնության անդամն առայժմ չհրապարակեց անուններ:

-Հաշվի առնելով, որ Մաքսային միության անդամակցության դեմ նախկինում ևս, հատկապես՝ 2013-ի դեկտեմբերի 2-ին, տեղի ունեցավ բողոքի ակցիա, և ըստ էության, արդյունք չտվեց, քանի որ հակառուսական տրամադրություններ չկան:  Հետևաբար, այս ակցիայի նպատակը ո՞րն է:

-Դեկտեմբերի 2-ի ակցիայի տեսանելի արդյունք արդեն կա: Խոսելով տարբեր քաղաքացիների հետ, որոնք ասում էին` առանց ռուսի մենք չենք կարող ապրել, այժմ արդեն խորանում են հարցի մեջ և հասկանում, որ դա այդպես չէ: Շուտով ապրիլի 24-ն է, և շատերը կբարձրաձայնեն ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին, այլև այն, որ ցեղասպանության կատարման համար մեղավոր է նաև ռուսական կայսրությունը: Շատերը դեմ եմ Ռուսաստանի այս կայսերապաշտությանը:

-Կարելի՞ է ենթադրել, որ ակցիային մասնակցելու են պրոարևմտյան ուժեր:

-Ինչո՞ւ պրոարևմտյան, ինքնիշխան Հայաստանին կողմնակիցներ են մասնակցելու ակցիային…

-Որովհետև նախորդ տարի՝ դեկտեմբերի 2-ին, Պուտինի այցի օրը տեղի ունեցած ակցիային մասնակցում էին հիմնականում պրոարևմտյան ուժեր և հստակ էր` Արևմուտքի դերակատարությունը: Հիմա էլ է այդպես լինելու, այնպես չէ՞:

-Ո՛չ,  չեմ կարող ասել, որ դա հովանավորված է եղել: Հովանավորված ակցիայի դեպքում կտեսնեինք տպագրված շապիկներ, դրոշներ, իսկ մենք ունեինք պաստառներ, որոնք ինչքան կարողացել էինք գնել էինք  կամ պատրաստել էինք ինքներս:

-Դատելով ձեր տարածած հայտարարության տեքստից` զուտ լեզվական առումով տպավորությունն այնպիսին է, որ նախաձեռնողը, կարծես թե, ԱԻՄ-ն է, քանի որ տեքստը գրված է դասական հայերենով:

-Ստիպված եմ հիասթափեցնել: Ինքս դասական հայերենի կողմնակից եմ և բոլոր փաստաթղթերում գրում եմ դասական հայերենով: Ավելին, ես կուսակցական պատկանելիություն չունեմ ու անգամ ՀԿ-ի անդամ չեմ:

Ի դեպ,  տեղեկացնենք, որ նախաձեռնությունը նոր է ձևավորվել, որի անդամներն առայժմ քիչ են ու հիմնականում երիտասարդներ են:

Սոնա Դավթյան




Լրահոս