Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին մեղադրանք է ներկայացվել. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի մաս): Քրեական վարույթն առնչվում է ձեւական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը», – նշել են կոմիտեից:
Համայնքապետի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հոկտեմբերի 29-ին Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի պաշտոնավարումը կասեցվել է։
Այս պարագայում տարօրինակն այն է, որ ի զարմանս կատարվածի՝ Հակոբ Բալասյանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջով հայտնեց, որ իր պաշտոնավարման կասեցման վերաբերյալ քննիչի որոշման մասին տեղեկացել է լրատվամիջոցներից։
«Լրատվամիջոցներից եմ տեղեկացել, որ քննիչը որոշում է կայացրել իմ պաշտոնավարման կասեցման վերաբերյալ։ Այդ մասին որեւէ կերպ իրազեկված չեմ եղել, մինչդեռ նման պայմաններում կարող էր առաջանալ մի վիճակ, որ համայնքի ղեկավարը լիազորությունները կասեցված վիճակում կայացներ համայնքային նշանակության որոշումներ։
Այսպիսով՝ վարույթն իրականացնող մարմինը անտեսել է ոչ միայն իմ, այլեւ համայնքի հազարավոր բնակիչների շահերը։
Հարգելի՛ բյուրեղավանցիներ, շուրջ երկու տարի առաջ հարուցված այս քրեական գործի շրջանակներում, ենթադրաբար, հարցաքննվել են հարյուրավոր քաղաքացիներ, որի արդյունքում ինձ առաջադրվել է ակնհայտ անհիմն մեղադրանք, որը ես չեմ ընդունել։
Դատարանը կորոշի՝ մեղավոր եմ, թե ոչ։
Մեր համայնքում բոլորը գիտեն` ով ով է` իր ապրածով եւ արած գործերով։
Մի քանի չկողմնորոշված, անդեմ անձինք ամեն ինչ անում են մեր միասնությունը եւ քաղաքի անդորրը խանգարելու համար։
Իրենք չեն հաջողելու։ Հետագայում կներկայացնեմ մանրամասներ` կոնկրետ անուններով։
Օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու եմ իմ եւ մեր համայնքի ընտրողների շահերը։
Աստված մեզ պահապան», – գրել էր համայնքի՝ այժմ արդեն կասեցված լիազորություններով ղեկավարը:
Հիշեցնենք, որ դեռ 2023 թվականին ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ Հակոբ Բալասյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ























