Երթևեկելիս կուրացել և մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սևանի բնակիչ 63-ամյա Նորայր Գրիգորյանը մահացու վրաերթի է ենթարկել Չարենցավանի բնակչուհի Գոհար Շահնազարյանին: Դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 20-ին` ժամը 18:30-ի սահմաններում:

Ինչպես հայտնի է դարձել Armlur.am-ին, փորձաքննությամբ բացահայտվել է, որ Գրիգորյանը Սևան-Երևան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում իր դիմացից երթևեկող ավտոմեքենայի ուժեղ լույսերից կուրացել է: Ապա իր երթևեկության համար վտանգն առաջանալու պահից սկսած` ժամանակին կատարված արգելակումով չկանգնեցնելով ավտոմեքենան և շլացած վիճակում շարունակելով երթևեկությունը` թույլ է տվել ՃԵԿ-ի 67 և 129 կետերի պահանջներին հակասող գործողություններ: Սրա հետևանքով էլ վրաերթի է ենթարկել հետիոտն Գոհար Շահնազարյանին` անզգուշությամբ մահ պատճառելով:

Փաստորեն, Գրիգորյանը ինքն իրեն զրկել է վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից:

Նորայր Գրիգորյանի մասով դատական գործը քննվում է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրում` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ:

Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2 մասի չափանիշներով` խափանման միջոց նշանակելով ստորագրությամբ չհեռանալը:

Տուժողի իրավահաջորդն է Գևորգ Շահնազարյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս