Սիրիայի քրդական վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյա Էլհամ Ահմադը երեքշաբթի հայտարարել է, որ քրդերը պահպանում են կապերը Իսրայելի հետ և բաց են աջակցության համար «ցանկացած աղբյուրից»՝ Դամասկոսի հետ լարվածության ֆոնին, չնայած վերջերս կնքված համաձայնագրին, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
«Իսրայելական պետության որոշակի դեմքեր կան, որոնք պահպանում են կապերը մեր կողմի հետ… և եթե այս զրույցը հանգեցնի աջակցության, մենք բաց կլինենք աջակցության համար… ցանկացած աղբյուրից»,- լրագրողների հետ առցանց զրույցի ժամանակ նշել է Էլհամ Ահմադը՝ ըստ նրա քրդերեն խոսքերի անգլերեն թարգմանության։
Ինչպես նշում են լրատվամիջոցները, այս ամսվա սկզբին Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքում կառավարության և քրդական ուժերի միջև բախումների ժամանակ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ «սիրիական ռեժիմի ուժերի կողմից քրդական փոքրամասնության դեմ հարձակումները… լուրջ և վտանգավոր են», հավելելով, որ «Սիրիայի տարբեր փոքրամասնությունների համակարգված և դաժան ճնշումները հակասում են «նոր Սիրիայի» խոստումներին»։























