ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետի ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 13-ին։ Այսպիսով, Կոտայքի մարզի խոշորագույն համայնքներից մեկում ընտրական գործընթացի մեկնարկի ժամկետն արդեն հստակ է, իսկ հիմնական ինտրիգը շարունակում է մնալ այն, թե ովքեր են պայքարելու համայնքապետի պաշտոնի համար։
Աբովյանի ընտրությունների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ սեպտեմբերի սկզբին գրել էր, որ իշխանության ներսում քննարկվող հիմնական տարբերակներից մեկը գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանի թեկնածությունն էր։ Ըստ իշխանական աղբյուրների՝ ՔՊ-ում հաշվի էին առնում Բաբայանի ճանաչելիությունն ու համայնքում ունեցած ընտրական աջակցությունը՝ նկատի ունենալով նաև 2021 թվականի ընտրությունների արդյունքները։
Սակայն հետագայում իրավիճակը փոխվել է։
«Ժողովուրդ» օրաթերթի սեպտեմբերի 15-ի տեղեկությունների համաձայն՝ երկար քննարկումներից հետո ՔՊ-ում, կարծես թե, կանգ են առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա։ Աբրահամյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավարն է։
Միևնույն ժամանակ, իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ն այլ մարտավարություն է ընտրել գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանի նկատմամբ։ Ըստ «Ժողովուրդ»-ի՝ իշխանությունը չի պատրաստվում Բաբայանի դեմ կոշտ պայքարի գնալ կամ նրան բանակցությունների միջոցով դարձնել ՔՊ-ի թեկնածու։ Ավելին՝ նրան, ըստ այդ տեղեկությունների, «ազատ են թողնելու»։
Այսինքն՝ ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի 13-ին Աբովյանում կձևավորվի բավական հետաքրքիր ընտրական իրավիճակ․ ՔՊ-ն սեփական թեկնածուով՝ Հովհաննես Աբրահամյանով, իսկ Էդուարդ Բաբայանը՝ առանձին, սեփական նախաձեռնությամբ։ «Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում էին, որ իշխանության ներսում անգամ քննարկվում է այն սցենարը, որ Բաբայանի հաղթանակի դեպքում ՔՊ-ն կընդունի ընտրության արդյունքը և նրա հետ կաշխատի։
Բաբայանի համար սա նոր պայքար չէ։ 2021 թվականի ընտրություններից հետո նա ընտրվել էր Աբովյանի համայնքապետ՝ ստանալով 14 մանդատ, մինչդեռ ՔՊ-ի թեկնածու Պավել Ցուգունյանը ստացել էր 12 մանդատ։
Հատկանշական է նաև, որ սեպտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՔՊ-ն Աբովյանում ընտրություններին մասնակցելու է ինքնուրույն՝ առանձին ցուցակով։
Այսպիսով, դեկտեմբերի 13-ի ընտրություններից առաջ Աբովյանի հիմնական հարցը ոչ միայն այն է, թե ով կստանա համայնքապետի պաշտոնը, այլև՝ ինչպիսի ընտրական պայքար կձևավորվի ՔՊ-ի առաջադրած Հովհաննես Աբրահամյանի և գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանի միջև։
Աննա Հանյան
























































































