ՏՆԱԿՈՒՄ 4 ԵՐԵԽԱ Է ԱՊՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Թբիլիսյան խճուղու վրա վերջերս մի տնակ է տեղադրվել, որի մեջ մեծ ընտանիք է ապրում:  Օրերս  լույս աշխարհ է եկել այդ ընտանիքի չորրորդ տղա երեխան: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տնակի բնակիչները պատմեցին, որ իրենց այդ վիճակի մասին ամբողջ երկիրն է տեղյակ, սակայն մինչեւ այսօր իրենք դեռ այդ տնակում են գոյատեւում:
Թբիլիսյան խճուղու այդ հատվածով  անցնելիս անհնար է չնկատել, որ նշված տնակում ընտանիք է բնակվում, քանի որ տնակի հարակից տարածքում պարանի վրա փոքր երեխաների շորեր են կախված: Ընտանիքի հայրը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք 1994 թվականից անտուն են, սկզբում ինչ-որ անտառում են բնակվել, հետո վերջերս իրենց այդ տնակն են տրամադրել. «Քանաքեռի անտառում էինք, հետո Հոլանդիայի կառավարությունն ինձ էս դոմիկը տվեց, մենք էլ տեղափոխվեցինք էստեղ»:
Մեր զրուցակիցն ասաց, որ իրենք ընտանիքով վեց հոգի են: «Հա՛,  էս փոքր տնակում վեց հոգի ենք ապրում, դե ես եմ, կինս ա, ու 4 տղա ունեմ` Գալուստ, Հովսեփ, Էռնեստ, Էրիկ, մեկը դպրոց ա գնացել, էն երկուսը փոքր են, մեկն էլ էս նոյեմբերին ա ծնվել, տենց վեցով ապրում ենք»,-պատմեց ընտանիքի հայր 50-ամյա Արմեն Կարախանյանը:
Իսկ ընտանիքի մայրը` Գոհար Սարգսյանը,  նշեց, որ իրենք շուրջ 15 տարի է` առանց բնակարան են եւ ապրում են այնտեղ,  որտեղ կարողանում են ապաստան գտնել. «Բոլորին էլ դիմել ենք, ասել ենք, որ նման վիճակում ենք ապրում, բայց ինչպես տեսնում եք, մինչեւ հիմա հլը փողոցներն ընգած` տուն ենք ման գալիս»:
Մեր այն հարցին, թե ինչ միջոցներով են կարողանում իրենց երեխաներին պահել,  Արմենն ասաց. «Հիմա ո՞նց են Հայաստանում ապրում, ոնց որ սաղ` մի կերպ գոյատեւում ենք էլի, ես էս 15 տարի ա` մետաղ եմ հավաքում, ինչ աշխատանք գտնում եմ` անում եմ, որ իմ էրեխեքին պահեմ, բանվորություն եմ անում: Էնքան ենք պատմել էս մեր պատմությունը, որ արդեն հոգնել ենք, սաղին պատմել ենք, ասել ենք… Ես մեկ-մեկ նկարում եմ, մի հատ արտասահմանից կին կար, մի օր էկավ, տեսավ` ինչ պայմաններում ենք ապրում, քանի էրեխա ունեմ, ու իմ նկարներն էլ հավանեց, ասաց` մարդ կուղարկեմ, կգան կգնեն, բայց տենց էլ չեկավ»:
Տնակն իսկապես անհուսալի վիճակում է` զուրկ տարրական պայմաններից, ընդամենը երկու անկողին է. աթոռ կամ սեղան գոյություն չունի: Սենյակը տաքացնում են փայտի վառարանով եւ ըստ մեր զրուցակցի` վառում են այն, ինչը կարողանում են գտնել: «Ինձ թաղապետարանից կանչեցին, ասում են` քո դոմիկը տեղափոխելու ենք Միքայելյանի հիվանդանոցի տարածք, իրանք բարդություններ են ստեղծում, որ մենք էս ամեն ինչից էլ հիասթափվենք, թողենք գնանք, բայց ես չեմ,  դու ես, էս իմ փոքր էրեխեքին ո՞ւր վերցնեմ գնամ, մի էրեխես էլ, որ հիմա դպրոցում ա, հաշմանդամ ա, խնդիրներ ունի, չեմ իմանում` ինչ կարելի ա անել»,-հուսահատված ասաց Արմենը:
Տնակում այնքան մութ, ցուրտ ու խոնավ էր, որ ներսի պատերն ամբողջությամբ մամռակալված էին: Ընտանիքի անդամները նշեցին, որ իրենց տնակում անգամ առնետներ կան. «Էրեխեքի շորերն են կրծում, հեսա պատերն են կրծել, չենք իմանում` ինչ անենք»:
Գոհարն էլ ասաց, թե լսել են, որ եթե ընտանիքը բազմազավակ է, իրենց օգնություն կտրամադրեն, սակայն հասկացել են, որ դրանք էլ են սուտ խոսքեր. «Ասում էին` 1 միլիոն փող ա հասնում, որ 6 հոգի են ապրում ընտանիքում, բայց ամեն ազգի մարդիկ էլ եկել են, ամեն թերթերից էլ եկել են, ասել ենք, պատմել ենք, բայց մինչեւ էսօր ոչ մի բան: Էդքան մեծահարուստ մարդիկ կան Հայաստանում, մի հատ տունն իրանց համար ոչ մի բան ա,  ի՞նչ կլինի, որ գոնե մեզ մի սենյակ տան` ապրենք, մի օր էստեղ սառելու ենք, դուք էլ եք տեսնում, թե ինչ ցուրտ ա ստեղ, էլ չհաշված, որ նորածին էրեխա կա»:
Մեր զրուցակիցները վերջում հավելեցին, թե հույս ունեն, որ մեր հրապարակումից հետո` Նոր տարվա նախաշեմին, որեւէ մեկն իրենց կխղճա եւ մի փոքր տարածք կտրամադրի` ապրելու համար:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս