Իսրայելական ռազմական ինքնաթիռները հունվարի 26-ի գիշերը ավիահարվածներ են հասցրել Լիբանանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Հարվածի տակ են հայտնվել Իկլիմ աթ-Թուֆֆահ շրջանի Ակմատա-Լոյզիա բարձունքները։ Բացի այդ, առավոտյան իսրայելական ուժերը կրակ են բացել Բլիդա բնակավայրի ծայրամասի ուղղությամբ։
Asharq al-Awsat թերթը հայտնել է, որ հունվարի 25-ին Իսրայելի կողմից Լիբանանի հարավային և արևելյան շրջանների վրա ավիահարվածների հետևանքով երկու մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։ Թերթը հավելել է, որ «Հեզբոլլահ»-ը շարունակում է քննադատել նախագահական գրասենյակին և կառավարությանը Իսրայելի ագրեսիային դիմակայելու և հիմնական խնդիրները լուծելու «ձախողման» համար։ Խոսքը, մասնավորապես, լիբանանցի բանտարկյալների հարցի, տարածքային խախտումների դադարեցման և ազգային ինքնիշխանության պաշտպանության մասին է:
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) իր հերթին հունվարի 25-ին հայտարարել է, որ հարվածել է Լիբանանի մի քանի շրջանում գտնվող «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքների օբյեկտներին։ Նշվում է, որ հարվածները թիրախավորել են «Հեզբոլլահ»-ի զենքի պահեստները և ռազմական ենթակառուցվածքները։ Բացի այդ, հարվածներ են ուղղվել «Հեզբոլլահ»-ի Ռադվան ուժերի կողմից ԻՊԲ զորքերի և Իսրայելի Պետության դեմ հարձակումներ իրականացնելու համար օգտագործվող բազայում գտնվող ռազմական կառույցին։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում Իսրայելի կողմից օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը գերազանցել է 5100-ը։ Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 300, վիրավորվել է գրեթե 600 Լիբանանի քաղաքացի։
Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։





























