Սայաթ-Նովայի 10/5 հասցեում՝ նախկին կաթսայատան տարածքում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի հարեւանությամբ բնակվող վաստակավոր երաժիշտ, ազգագրագետ, մի քանի համույթների հիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանն ու եւս 150 բնակիչներ քաղաքական ապաստանի խնդրանքով մտադիր են գրություն ուղարկել Հայաստանում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին, եթե իրենց շենքերի անվտանգությանը սպառնացող եւ իրենց բնակարանների լույսը փակող շենքի շինարարությունը չդադարեցվի:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Անդրանիկ սարկավագ Մանուկյանը մասնավորապես նշեց, որ դիմելու Է բոլոր միջազգային փառատոներին, որոնց մասնակցել է, բոլոր միջազգային դիտորդներին, որոնք եկել են այստեղ ընտրությունների ժամանակ եւ արձանագրել, որ ընտրությունները խաղաղ պայմաններում են անցել։ Իսկ պայքարը զուտ մի շենքի համա՞ր պետք է լինի, թե՞, ինչպես դերասան Լեւոն Հարությունյանն է ասել, հեղափոխություն է անհրաժեշտ, այսինքն՝ ոչ թե ամենքս մեր շենքը, այլ բոլորով երկիրը պահենք. «Պետական այրերից մեկն ասում է, որ ամեն ինչ պետք է օրենքով արվի, բայց եթե տեսնում ես՝ այդ օրենքը չկա, իհարկե հեղաշրջում է պետք։ Նրանք մեզ զրպարտում են, բայց մենք կառուցվող շենքի հետ կապված ամեն ինչ ուսումնասիրել ենք, իրավաբան ունենք, եւ այդ ամենը հիմնավորված, փաստերով ներկայացնելու ենք բոլորին։ Լեւոն Հարությունյանը ճիշտ է արտահայտվում, եւ անարդարությունների դեմ բոլորս պիտի բողոքենք»։
Մենք հիշեցրինք, որ իշխանությունը հիշում է օրենքի մասին, երբ, օրինակ, Վարդան Պետրոսյանին կալանավորելու խնդիր է առաջանում: «Առանց ամոթի խայթ զգալու մարդուն դրեցին այդ անհարմար վիճակի մեջ։ Ո՞վ է իրավունք տվել, որ մի դատավոր կամ դատապաշտպան նրան հանիրավի վարկաբեկի։ Դա նշանակում է, որ կամաց-կամաց ազգի բնաջնջում է տեղի ունենում… Թող անձնական խնդիրներն իրենց մեջ լուծեն, այլ ոչ թե կործանեն երկիրը, ազգը։ Ես քրիստոնյա մարդ եմ, երեկ` ամբողջ գիշեր, աղոթք եմ արել, Ավետարան եմ կարդացել ու ասել՝ Աստվա՛ծ իմ, այս մարդկանց փրկությո՛ւն տուր, նրանք չգիտեն, թե ինչ են անում,-հուզված ասաց մեր զրուցակիցը, ապա ավելացրեց,-շատերն ասում են, որ այդ նոր կառույցի սեփականատիրոջ «կռիշան» այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան է, թող գան այդ պաշտոնյաները, զրուցեն մարդկանց հետ, ասեն, որ իրենք որեւէ կապ չունեն այդ շենքի հետ»։
Ռ. ԹԱԹՈՅԱՆ