Արդեն երկու ամիս է, ինչ Նոյեմբերյան քաղաքի կենցաղի տան կողքին գործում է Հայ ազգային կոնգրեսի տեղի շտաբը: Ավելի ճիշտ, այստեղ գործում է ՀԱԿ-ի ակտիվիստ Նորիկ Սահակյանին պատկանող կոշիկի վերանորոգման արհեստանոցը: 42-ամյա Նորիկը մարդկանց կոշիկները նորոգում է առանց նրանց քաղաքական կողմնորոշումը հաշվի առնելու: Նա նաեւ ՀԱԿ Նոյեմբերյանի շտաբի համակարգողն է: Այդ տեղի համար ՀԱԿ-ն ամսական 30 հազար դրամ վճար է մուծում:
«Իմ արհեստանոցն ամենալավ նախընտրական շտաբն է, ամեն ոք առանց վախի այստեղ է մտնում»,-ասում է Նորիկը: Նա 3 տարի առաջ սրտի ինֆարկտ է ունեցել, երբ Նոյեմբերյան քաղաքում ռադիոյով լսել է Էդուարդ Շարմազանովի ելույթը. «Դա 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո էր, Շարմազանովն իր ելութում ասաց, որ ժողովուրդն իրենց շատ է սիրում, հարգում, սիրտս չդիմացավ, ուշաթափ եղա»: Նրան վիրահատել են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, որին դեռ 1 միլիոն դրամ պարտք է:
Հարցին, թե իրեն` որպես ընդդիմադիրի, «չե՞ն նեղում», բացասական է պատասխանում` նշելով միայն, որ փակ համարներից զանգող անհայտ անձինք պահանջել են կոշիկի նորոգման արհեստանոց հանդիսացող նախընտրական շտաբի գլխից հանել եռագույն դրոշը: Նորիկն էլ նրանց բացատրել է, թե մեր պետական դրոշի գույներն ինչ են խորհրդանշում: Կոշիկ նորոգող քաղաքական ակտիվիստը համոզված է, որ առաջիկայում ժողովրդի քաղաքական ակտիվությունն աճելու է, եւ դա բացատրում է մարդկանց սոցիալական վիճակի վատթարացմամբ: «Տեսնո՞ւմ ես այս կանացի երկարաճիտ կոշիկը, բերել են նորոգելու: Դա առնվազն 8 տարեկան է, «կնոպկաներով», հիմա այդպիսին չեն արտադրում: Մարդիկ փող չունեն նորն առնելու, հները կարկատելու են տալիս:
Կոշիկի վերանորոգման սրահում Լեւոն-Տեր Պետրոսյանի երիտասարդ տարիների նկարներն են, ՀԱԿ-ի հանրահավաքների տեսագրություններով սկավառակներ: Նորիկը հավատում է ՀԱԿ առաջնորդին` նրան համարելով իր կուռքը: Ինչ վերաբերում է իշխանությունների հետ ՀԱԿ-ի ձախողված երկխոսությանը, ապա ըստ Նորիկի` Լեւոնը դրանով կատարել է իր հերթական քաղաքական իմաստալից քայլը: Նաեւ նշում է, որ Նոյեմբերյանում իրենց համակիրները շատ են, անդամները` ոչ այդքան: «Վախենում են անդամագրվել, մեկն ասում է` դրա համար ինձ աշխատանքից կհեռացնեն, մյուսն էլ` երեխաս բանակում է, վնաս կտան»,-բացատրում է երկու անչափահաս երեխաների հայր Նորիկը եւ հավելում է, որ արհեստանոցում անկեղծ զրույցի ժամանակ իրավապահ համակարգի աշխատողներն էլ են դժգոհում այսօրվա կյանքից, ասում` ե՞րբ պիտի սրանց հեռացնեք:
Տավուշ