Armenian text to speach

Ընդդիմությունն է մեզ ճնշում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Իշխանությունը մեծացնում է ճնշումը Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստանի» դեմ։Վերջին օրերին «Ընտրակաշառք, բարեգործությունների դրույթի խախտում» մեղադրանքների անվան տակ հետապնդումների են ենթարկվում կուսակցության տասնյակ անդամներ, գրասենյակների աշխատողներ։ Նախօրեին երկու կանայք էին ձերբակալվել, երեկ էլ Արտաշատի կառույցի ներկայացուցիչներն էին Հակակոռուպցիոն կոմիտե բերման ենթարկվել։ Նկատենք, որ առաջ Նիկոլ Փաշինյանը հիմնովին օգտագործում էր Քննչական կոմիտեն՝ իր հակառակորդների դեմ գործեր հարուցելու համար, հիմա այդ գործին է լծվել Հակակոռուպցիոն կոմիտեն։ Եկել է այս կառույցների ղեկավարների՝ պաշտոնների համար «վճարելու» ժամը։ Բերման ենթարկվածների փաստաբաններին նախ թույլ չէին տալիս տեսակցել իրենց պաշտպանյալների հետ եւ միայն ՄԻՊ միջամտությունից հետո թույլ տվեցին։ Նրանք, ծանոթանալով մեղադրանքներին, պարզաբանեցին, որ խոսքը ոչ թե ընտրակաշառքի, այլ աշխատողների աշխատավարձերին է վերաբերում, որն իշխանությունները, ի դեմս իրավապահների, փորձում են որպես ընտրակաշառք ներկայացնել։ Այս թեմայով փորձեցինք մեկնաբանություններ ստանալ իշխանության ներկայացուցիչներից։ Մեր հարցերին պատասխանեց ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը։

– Տիկին Ղազարյան, մի քանի օր է՝ բռնել-բռնոցի է սկսվել ընդդիմադիրների շարքերում։ Իշխանության թիրախում հատկապես Սամվել Կարապետյանի կուսակիցներն են, որոնց մեղսագրվող հանցանքները չեն հիմնավորվում։ Այնպիսի տպավորություն է, որ վստահ չեք ձեր ուժերի, ձեր հաղթանակի վրա ու փորձում եք մրցակիցներին ճնշելու, պայքարից դուրս մղելու միջոցով վերարտադրվել, մինչդեռ բարձրագոչ հայտարարություններ էիք անում, թե 65 տոկոս սահմանադրական մեծամասնության եք հավակնում։

– Մենք ո՛չ անվստահ ենք, ո՛չ թույլ, ո՛չ էլ վախեցած, հավատացեք՝ մենք շատ ուժեղ ենք ու 50 պլյուս ենք հավաքելու, եւ դեռ կարող եմ ասել՝ ավելի շատ ենք հավաքելու, ու որեւէ մեկն էլ վախեցած չէ։ Իրենք թող օրենքները չխախտեն։ Խախտում են, ուրեմն պետք է պատասխանատվություն կրեն։ Թե չէ, մենք ումի՞ց պիտի վախենանք։

– Ո՞ր օրենքներն են խախտում, պարզաբանել են, որ ոչ թե ընտրակաշառք են բաժանում, այլ խոսքն աշխատավարձերի մասին է, որ իրենց ՀԿ-ի աշխատակիցները ստանում են։ Ինչ վերաբերում է խախտումներին, դուք այդ հարցում ռեկորդակիր եք, երկու օր է՝ ընդդիմադիրներն ԱԺ ամբիոնից թվարկում են, որ հանգստյան օրերին իրականացված ձեր քարոզարշավների ժամանակ վարչական ահռելի ռեսուրս եք վատնում, ՊՊԾ-ն, ոստիկանական գվարդիան են ձեզ ուղեկցում եւ այլն։

– Իրենք դա պետք է ապացուցեն, շատ սխալ բաներ են ասում։

– Այսինքն՝ չե՞ն ուղեկցում ուժային կառույցների տասնյակ աշխատողներ, մնացած բաների մասին էլ դեռ չենք խոսում։

– Ես չգիտեմ՝ մեզ ով է ուղեկցում, բայց ես գիտեմ, որ մենք գնում ենք մեր պարտքը կատարելու համար։ Ու ես կրկնում եմ՝ մենք շատ վստահ ենք մեր ուժերին․․․

– Վստահ եք, բայց նախկինում սահմանադրական մեծամասնության մասին էիք խոսում, հիմա ասում եք՝ 50+1։

– Մենք 70 ենք հավաքելու, որովհետեւ ժողովուրդը տեսնում է՝ մենք ինչ ենք արել, ժողովուրդը մեր կողքին է կանգնած, դրա համար եմ վստահ ասում, որ մենք շատ բարձր տոկոսներ ենք հավաքելու․․․ Հիմա եթե մանկահասակ երեխայի մայրն օրենք է խախտել, ի՞նչ անեինք՝ չպատժեի՞նք։ Այո, բաց թողեցին, բարի կամք դրսեւորեցին, բայց խախտել է, չէ՞։ Ու բավական է ասեք, թե ընդդիմության նկատմամբ ճնշումներ կան, այդ իրենք են մեզ ճնշում, օրինակ՝ ինձ։

– Այդ ինչպե՞ս։

– Հիբրիդային պատերազմով, ստերով։ Ես «ինձ» ասելով՝ նկատի ունեմ «Քաղաքացիական պայմանագրին», ոչ թե ինձ անձնապես։ Մեր մասին ստեր են տարածում եւ այլն, եւ այլն։

– Բայց ձեզ չեն հասնի, դուք եք ասում, որ մենք չընտրվենք՝ սա կլինի, դա չանցավ, հիմա իրավապահները հանգիստ չեն թողնում ընդդիմադիրներին։ Չե՞ք վախենում, որ մրցակիցների նկատմամբ ճնշումները հակառակ էֆեկտ կարող են ունենալ։

– Մեր ժողովուրդն այնքան իմաստուն է, ինքը գիտի՝ ինչ որոշում է կայացնելու, ու ես ցավը տանեմ մեր ժողովրդի։

– Ի դեպ, Դուք ՔՊ ցուցակի անցողիկ հորիզոնականում չեք, 100-ից ներքեւ եք, գիտե՞ք՝ Ձեզ ինչ ճակատագիր է սպասվում։

– Դե, ժամանակը կգա՝ կիմանաք»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:




Լրահոս