Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել 10-օրյա հրադադարի շուրջ, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Երկու երկրների միջև պաշտոնական հրադադարը կսկսվի ապրիլի 17-ին, ժամը 02:00-ին (Երևանի ժամանակով)։ Հրադադարը կտևի 10 օր։ Թրամփը ԱՄՆ փոխնախագահին և պետքարտուղարին հանձնարարել է համագործակցել կողմերի հետ՝ երկարատև խաղաղության հասնելու համար։
«Ես հենց նոր հիանալի զրույցներ ունեցա Լիբանանի մեծ հարգանքի արժանացած նախագահ Ջոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ։
Այս երկու առաջնորդները համաձայնության եկան, որ իրենց երկրների միջև խաղաղության հասնելու համար նրանք պաշտոնապես կսկսեն 10-օրյա հրադադար։
Ես հանձնարարել եմ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին և պետքարտուղար Ռուբիոյին, ինչպես նաև Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Ռասին Քեյնին համագործակցել Իսրայելի և Լիբանանի հետ՝ երկարատև խաղաղության հասնելու համար։
Ես պատիվ եմ ունեցել լուծելու աշխարհում 9 պատերազմ, և սա կլինի իմ 10-րդը, այնպես որ եկեք անենք դա»,-գրել է նա։




























