Կանադայի վարչապետ Մարկ Քարնին դարձել է առաջին ոչ եվրոպացի առաջնորդը, ով մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովին։
Երևանում լրագրողների հետ զրույցում Քարնին հայտարարել է․ «Մենք չենք կարծում, որ դատապարտված ենք ենթարկվելու ավելի գործարքային, մեկուսացված և կոշտ աշխարհին, և նման հավաքները ցույց են տալիս առաջ շարժվելու ավելի լավ ուղի»։ Այս հայտարարությունը շատերի կողմից ընկալվել է որպես անուղղակի ակնարկ Միացյալ Նահանգների քաղաքականության վերաբերյալ։
Քարնիի մասնակցությունը դիտարկվում է որպես Օտտավայի հերթական քայլը՝ դիվերսիֆիկացնելու իր արտաքին քաղաքական և առևտրային կապերը՝ նվազեցնելով կախվածությունը հարավային հարևանից՝ ԱՄՆ-ից։
Միաժամանակ, Կանադան դարձել է նաև առաջին ոչ եվրոպական երկիրը, որը միացել է Եվրամիության պաշտպանական ֆինանսավորման ծրագրին։
«Մենք ոչ եվրոպական երկրների մեջ ամենաեվրոպականն ենք, և կան բազմաթիվ ուղղություններ, որոնցով կարող ենք համագործակցել»,- նշել է Քարնին Երևանում։
Քարնիի ներկայությունը EPC-ում և Կանադայի ներգրավվածությունը եվրոպական պաշտպանական նախաձեռնություններում վկայում են գլոբալ քաղաքական վերադասավորումների մասին։ Արևմտյան դաշնակիցների ներսում նկատվում է ավելի լայն համագործակցության միտում՝ հատկապես անվտանգության և տնտեսության ոլորտներում։
Միևնույն ժամանակ, սա կարելի է դիտարկել որպես փորձ՝ հավասարակշռելու ԱՄՆ-ի ազդեցությունը և ձևավորելու ավելի բազմաբևեռ գործընկերային համակարգ, որտեղ Եվրոպան և նրա գործընկերները ավելի ինքնուրույն դերակատարություն կունենան։
ArmLur.am շարունակում է ներկայացնել Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները և դրանց քաղաքական հետևանքները։
Անի Վարդանյան

























