Armenian text to speach

Իրան-Չինաստան բանակցություններ Պեկինում․ Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը խորանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիը Պեկինում հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ՝ այն պահին, երբ սրվում են լարվածությունները Միացյալ Նահանգների հետ՝ Հորմուզի նեղուցի վերահսկողության շուրջ։

Արաղչիի այցը տեղի է ունեցել այն ֆոնին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է այց կատարել Պեկին՝ նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման նպատակով մայիսի 14–15-ին։

Հանդիպման ընթացքում Արաղչին հայտարարել է, որ Չինաստանը Իրանի «մոտ բարեկամն է», և ներկա պայմաններում երկու երկրների համագործակցությունը «կդառնա ավելի ուժեղ»։ Նրա խոսքով՝ Իրանը բանակցություններում կպաշտպանի իր «օրինական իրավունքներն ու շահերը»՝ ընդգծելով, որ կողմը ընդունում է միայն «արդար և համապարփակ համաձայնագիր»։

Չինաստանի արտգործնախարար Վան Ին կոչ է արել հնարավորինս արագ վերականգնել իրավիճակը Հորմուզի նեղուցում՝ նշելով, որ հակամարտությունը պետք է անհապաղ դադարեցվի, իսկ ռազմական գործողությունների վերսկսումը անընդունելի է։

Իրանի արտաքին գործերի նախարարի այցը Պեկին առաջինն է պատերազմից հետո, որը սկսվել է փետրվարի 28-ին։ Այդ ընթացքում նա արդեն մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել չինացի գործընկերոջ հետ։

Al Jazeera-ի Պեկինում աշխատող լրագրող Կատրինա Յուն նշել է, որ Իրանը Չինաստանին ներկայացրել է երեք հիմնական ուղերձ՝ իր դիրքորոշումը պատերազմի վերաբերյալ, ԱՄՆ-ի հետ բանակցությունների նախաշեմին հարաբերությունների ամրապնդումը և տնտեսական ու դիվանագիտական աջակցություն ստանալու ցանկությունը։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ Իրանը փորձում է Պեկինից ստանալ հստակ աջակցություն՝ ԱՄՆ-ի ճնշումների պայմաններում, իսկ Չինաստանը, միաժամանակ, մտահոգված է տարածաշրջանային լարվածության խորացմամբ և էներգետիկ ուղիների խափանումներով։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոչ է արել Չինաստանին ճնշում գործադրել Իրանի վրա՝ Հորմուզի նեղուցի բացման ուղղությամբ։

Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի և գազի մոտ մեկ հինգերորդը, փաստացի փակվել է պատերազմի սկսվելուց հետո, ինչի հետևանքով աճել են էներգակիրների գները և առաջացել է համաշխարհային տնտեսական անկման վտանգ։

Միաժամանակ ԱՄՆ-ը և Չինաստանը հայտնվել են նոր առևտրային և քաղաքական լարվածության փուլում՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների պատճառով։

Անի Վարդանյան




Լրահոս