2022 թվականի հունիսի 9-ին Երևանում սպանության փորձ էր եղել։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջային անոթային գծի ուղղությամբ կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ էր տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել էին վիրավորի ինքնությունը, ով Երևանի բնակիչ Արթուր Մ.-ն է:
Ոստիկանները տաք հետքերով պարզել էին որոշ հանգամանքներ, թե որտեղ և ինչ պայմաններում է տեղի ունեցել դեպքը: Նրանք Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերել էին կասկածյալին ու բերման ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Նա Երևանի բնակիչ, 55-ամյա Համլետ Հ.-ն է: Վերջինս ոստիկանությունից ներկայացվել է քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել էր:
Հայտնաբերվել էր նաև հանցագործության գործիք դանակը: Սպանության փորձի համար կասկածվողը առավոտյան նստել էր թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբուսը և հասնելով Նոր Նորք վարչական շրջան, Արթուր Մ.-ն, ով ավտոբուսի վարորդն է, նրան զգուշացրել է, որ արգելվում է տրանսպորտի մեջ ծխել և հորդորել է չծխել, սակայն նա շարունակել է ծխել, իսկ հետո իր մոտ եղած դանակով հարվածել է վարորդին: Վերջինիս, երբ տեղափոխել են հիվանդանոց, դանակը եղել է մարմնի մեջ խրված:
ArmԼur.am-ը այսօր Շենգավիթի դատարանում էր։ Ցանկացանք խոսել այս գործով տուժող Արթուր Մ.-ի հետ, սակայն վերջինս հրաժարվեց: Իսկ ահա գործով մեղադրյալ Համլետ Հակոբյանը, որը բանտում կարել էր բերանը, արդարություն է խնդրում, քանի որ ունի առողջական խնդիրներ:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























