Xiaomi-ն ներկայացրել է արհեստական բանականությամբ աշխատող իր առաջին ականջօղ-ականջակալները՝ Xiaomi Clip-ը։ Սա բաց տիպի սարք է, որն ամրանում է ականջին կլիպսի նման՝ առանց լսողական անցուղին փակելու։ Նորույթի գլխավոր առանձնահատկությունը ԱԲ հնարավորություններն են. սարքը կարողանում է իրական ժամանակում թարգմանել խոսքը 21 լեզվով և ավտոմատ ստեղծել խոսակցությունների տեքստային ամփոփումներ։
Ականջակալների հիմքում ձևի հիշողության էֆեկտով տիտանե լար է, իսկ յուրաքանչյուր հատվածը կշռում է ընդամենը 5,5 գրամ։ Ձայնի որակի համար պատասխանատու են 11 միլիմետրանոց դինամիկ դրայվերները և LHDC 5.0 աուդիոկոդեկը։ Զանգերի ժամանակ ձայնի մաքրությունն ապահովում են երեք միկրոֆոններն ու ոսկրային հաղորդականության հատուկ սենսորը, որը բարելավում է ձայնի որսումը նույնիսկ աղմկոտ վայրերում։
Xiaomi Clip-ն ունի իր դասում լավագույններից մեկը համարվող IP57 պաշտպանություն փոշուց ու ջրից։ Մեկ լիցքավորմամբ սարքն աշխատում է մինչև 9 ժամ, իսկ պատյանի հետ միասին՝ 38 ժամ։ Հետաքրքիր լուծում է նաև Apple-ի Find My ծառայության հետ ինտեգրումը, ինչը հեշտացնում է կորած ականջակալների որոնումը։ Չինական շուկայում նորույթն արդեն վաճառվում է չորս գույնով, իսկ դրա մեկնարկային գինը կազմում է մոտ 120 դոլար։
Իրինա Ատանյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























