Արհեստական բանականության ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ Nvidia-ի տնօրենների խորհուրդը անկախ հետաքննություն է սկսել ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանի նկատմամբ օտարերկրյա հետախուզական ծառայության հնարավոր ազդեցության վերաբերյալ։
Ինչպես հայտնում է NBC News-ը, հետաքննությունը սկսվել է այն հրապարակումներից հետո, որոնց համաձայն՝ Հուանը կապ է ունեցել չինացի գործարար Ալիս Հուանի հետ, որին ԱՄՆ հետախուզական ծառայությունները, ըստ աղբյուրների, համարել են Չինաստանի լրտես։
NBC News-ի աղբյուրը հայտնել է, որ ամերիկյան հետախուզական ծառայությունները պարզել են՝ Ալիս Հուանը հավաքագրվել է Չինաստանի հետախուզական կառույցների կողմից և անձնական հարաբերություններ է ունեցել Nvidia-ի ղեկավարի հետ։ Նրանք ազգակցական կապ չունեն։
Ալիս Հուանը Չինաստանի քաղաքացի է, իսկ Սինգապուրում գործող նրա ընկերությունը ձեռք է բերել Nvidia-ի առաջադեմ չիպերը։ Ըստ The New York Times-ի և Financial Times-ի հրապարակումների՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունները հետևել են նրա գործունեությանը։
Nvidia-ի հայտարարության համաձայն՝ հետաքննությունը կանցկացնի ընկերության անկախ տնօրեններից կազմված հանձնաժողովը՝ արտաքին իրավաբանական խորհրդատուների աջակցությամբ։ Ընկերությունը նշել է, որ այս պահին հիմքեր չունի կարծելու, թե վտանգվել են ազգային անվտանգությունը կամ Nvidia-ի գաղտնիքները, սակայն հետաքննության շրջանակում կուսումնասիրվեն բոլոր առկա տեղեկությունները։
Ինքը՝ Ջենսեն Հուանը, ընկերության աշխատակիցներին ուղղված նամակում խոստովանել է, որ դավաճանել է կնոջը՝ նշելով, որ իր գործողությունները ցավ են պատճառել կնոջն ու երեխաներին։ Նա ներողություն է խնդրել ընտանիքից և գործընկերներից՝ ընդգծելով, որ շարունակելու է ղեկավարել ընկերությունը։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գուո Ցզյակունը հերքել է լրտեսության վերաբերյալ մեղադրանքները՝ դրանք անվանելով անհիմն և Չինաստանի դեմ զրպարտություն։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է մեկնաբանել գործը՝ նշելով, որ այն առնչվում է ինչպես զգայուն հարցերի, այնպես էլ ընկերության ներքին հետաքննությանը։ Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է Nvidia-ի ղեկավարին՝ նրան անվանելով պատվավոր մարդ և հայտարարելով, որ նա պետք է շարունակի ղեկավարել ընկերությունը։
Նշենք, որ Ջենսեն Հուանը 63 տարեկան է։ Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ նրա կարողությունը գնահատվում է շուրջ 160 միլիարդ դոլար, իսկ Nvidia-ի շուկայական արժեքը նոյեմբերի 6-ի դրությամբ մոտ 4,5 տրիլիոն դոլար էր։
Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Չինաստանի հարցերով հանձնաժողովի հանրապետական ղեկավարները Հուանից պարզաբանումներ էին պահանջել՝ նշելով, որ հրապարակված տեղեկությունները մտահոգություններ են առաջացնում Չինաստանի կողմից ամերիկյան զգայուն տեխնոլոգիաներին հասանելիության առնչությամբ։
Անի Վարդանյան




























