Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է Արդարադատության նախարարին՝ ընտրությանը մասնակցած քաղաքական ուժերի՝ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցանքների վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն Կոմիտեից:
Կարևորելով ընտրական գործընթացների օրինականության ապահովումը՝ Կոմիտեում նախնական ամփոփվել է 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ իրականացվող վարույթների տվյալները, վեր են հանվել այդ հանցագործությունների դրսևորման մեխանիզմները և դրանց կատարմանը նպաստող հանգամանքները, որոնց հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ միջնորդելով՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով նախաձեռնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք հետայսու նվազագույնի կհասցնեն բացահայտված հանցավոր սխեմաների կիրառման հնարավորությունը, այդ թվում՝ այդպիսի սխեմաներում ներգրավված քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրական գործընթացներին արգելելու եղանակով:




























