ArmLur.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 3-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակում նախատեսվում է համատեղ նիստ, որին մասնակցելու են իշխանության իրավական, դատական, վերահսկողական և հակակոռուպցիոն ոլորտների առանցքային պաշտոնյաները։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ նիստին կմասնակցեն ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Ռոբերտ Բազիկյանը, ինչպես նաև համապատասխան ոլորտների մի շարք պատասխանատուներ։
Քննարկմանը նախատեսվում է նաև Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի մասնակցությունը։
Այսինքն՝ մեկ սեղանի շուրջ փաստացի հավաքվելու է իշխանության այն հատվածը, որի գործունեությունը վերաբերում է իրավական համակարգին, դատական իշխանությանը, քննչական մարմիններին, կոռուպցիայի կանխարգելմանն ու հակակոռուպցիոն պայքարին, ինչպես նաև պետական վերահսկողությանը։
Իսկ նոյեմբերի 3-ի օրակարգը դրանով չի սահմանափակվելու։ Նույն օրը խորհրդարանում նախատեսվում է նաև առողջապահության ոլորտի բյուջետային քննարկում՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մասնակցությամբ։
Այսպիսով, նոյեմբերի 3-ը ԱԺ-ում բավական հագեցած օր է լինելու․ մի կողմից՝ իրավապահ, դատական և հակակոռուպցիոն համակարգերի պատասխանատուները, մյուս կողմից՝ առողջապահության ոլորտի ղեկավարը պետք է պատգամավորներին ներկայացնեն 2027 թվականի համար նախատեսվող ֆինանսական ծրագրերն ու առաջնահերթությունները։
Սոնա Գրիգորյան


























