Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան պաշտպանել է Ռուսաստանի հետ դիվանագիտական կապուղի բացելու իր անսպասելի որոշումը, որը դարձել է Բրյուսելում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի գլխավոր քննարկման թեման։
Այս շաբաթ հայտնի էր դարձել, որ Կոշտայի աշխատակազմի ղեկավար Պեդրու Լուրտին մի քանի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հետ։ Կոշտայի գրասենյակը պաշտոնապես չի հաստատել պաշտոնյայի ինքնությունը, սակայն եվրոպական աղբյուրների համաձայն՝ խոսքը հենց Ուշակովի մասին է։
ԵՄ պաշտոնյաների փոխանցմամբ՝ Կոշտան հանձնարարել էր իր թիմին կապ հաստատել Մոսկվայի հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում Եվրամիությունը պատրաստ լինի պաշտպանելու իր շահերը խաղաղ բանակցությունների հնարավոր մեկնարկի դեպքում։ Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ շփումները եղել են կարճատև, առանց բովանդակային քննարկումների կամ բանակցությունների։
Սակայն Կոշտայի քայլը դժգոհություն է առաջացրել ԵՄ մի շարք անդամ պետությունների շրջանում։ Լեհաստանը, Բալթյան երկրներն ու Սկանդինավյան պետությունները մտահոգություն են հայտնել, որ նման նախաձեռնությունից առաջ չեն խորհրդակցվել։
Մյուս կողմից, Բելգիան, Սլովենիան և Ավստրիան աջակցել են Կոշտայի նախաձեռնությանը։ Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան հայտարարել է, որ ցանկացած քայլ, որը կարող է նպաստել ռազմական գործողությունների դադարեցմանն ու բանակցությունների մեկնարկին, պետք է ողջունվի։
Եվրամիության ներսում տարաձայնությունները պայմանավորված են նրանով, որ ոչ բոլոր երկրներն են կարծում, թե այժմ ճիշտ ժամանակն է Ռուսաստանի հետ որևէ ձևաչափով շփումներ սկսելու համար։ Որոշ պետություններ էլ առաջարկում են, որ նման գործընթացը ղեկավարեն Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան՝ այսպես կոչված E3 ձևաչափով։
Կոշտայի շրջապատը պնդում է, որ նա նման քայլի է գնացել նաև Ուկրաինայի խրախուսմամբ։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Եվրոպան պետք է ավելի ակտիվ դեր ստանձնի խաղաղ գործընթացում, այդ թվում՝ Ռուսաստանի հետ շփումների միջոցով։
Գագաթնաժողովի ավարտին ընդունված հայտարարության մեջ ԵՄ 27 անդամ երկրների ղեկավարները առաջին անգամ արձանագրել են, որ Եվրամիությունը պատրաստ է «ուժեղացնել իր ներգրավվածությունը» խաղաղ բանակցություններում։
Սակայն այն փաստը, որ Մոսկվայի հետ կապը հաստատվել էր դեռևս մինչև այդ հայտարարության ընդունումը, հարցեր է առաջացրել՝ արդյոք Կոշտան ունեցել է ամբողջ ԵՄ-ի մանդատը, թե գործել է միայն որոշ անդամ երկրների աջակցությամբ։
Քննարկումների ֆոնին ակնհայտ է դարձել, որ Եվրամիությունում շարունակում են պահպանվել խոր տարաձայնություններ Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության հարցում։ Միաժամանակ եվրոպացի առաջնորդների մի մասը շարունակում է պնդել, որ խաղաղության հասնելու համար ապագայում բանակցություններն անխուսափելի են, սակայն մինչ այդ անհրաժեշտ է շարունակել աջակցել Ուկրաինային՝ ուժեղացնելու նրա դիրքերը ռազմաճակատում։
Հեղինակ՝ Անի Վարդանյան
























































































