Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազատամարտիկ Հեբոյի անվամբ հայրենի Վարդենիսում փողոց անվանակոչվեց. ի՞նչ ուղի է անցել նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիսում հարգանքի և երախտագիտության հերթական դրսևորումն էր. հուլիսի 4-ին քաղաքի փողոցներից մեկը պաշտոնապես անվանակոչվեց ազատամարտիկ Գառնիկ Խչեյանի՝ բոլորին առավել հայտնի Հեբոյի անունով։ Փողոցի անվանակոչումը ոչ միայն հիշատակի, այլև սերունդներին փոխանցվող պատգամի խորհրդանիշ դարձավ։

Գառնիկ Խչեյանը ծնվել է Վարդենիսում։ Իր կյանքի ամենակարևոր առաքելությունը համարել է հայրենիքի պաշտպանությունը՝ մասնակցելով Արցախյան ազատամարտին, ինչպես նաև Վարդենիսի և Կիրանցի պաշտպանական գործողություններին։ Նրա անունը մարտական ընկերների և հարազատների հիշողություններում այսօր էլ ասոցացվում է խիզախության, անձնազոհության և հայրենասիրության հետ։

Հեբոյի մանկության մասին պատմում է նրա հորեղբայրը՝ Թորգոմ Խչեյանը։ Նրա խոսքով՝ Գառնիկը դեռ մանկուց անհանգիստ, համարձակ ու արդարամիտ երեխա էր։ Ասում է՝ հենց այդ բնավորությունն էլ հետագայում նրան տարավ հայրենիքի պաշտպանության ճանապարհով։

Հուզիչ հիշողություններով կիսվում է նաև Հեբոյի որդին։ Նա պատմում է, որ Քարվաճառի ազատագրման գործողության ծրագիրը մշակվել է հենց իրենց տանը, երբ ինքը դեռ ընդամենը տասը տարեկան էր։ Այդ օրերի պատկերները մինչև այսօր վառ են իր հիշողության մեջ։

Որդին առանձնահատուկ ցավով ու հպարտությամբ խոսում հոր մասին, հոր՝ հայրենիքի նվիրավածությանը, ինչը լավագույնս բնութագրում է այն, որ 1992 թվականի հուլիսի 23-ին՝ իր դստեր ծննդյան օրը, Հեբոն տուն չի վերադարձել։ Անձնական մեծագույն ուրախությունից վեր նա դասել է հայրենիքի ազատագրության գործը՝ շարունակելով մնալ մարտական դիրքերում։

Ազատամարտիկ Գառնիկ Խչեյանի մարտական ուղու մասին հիշողություններով կիսվեց նաև նրա մարտական ընկերները՝ ընդգծելով, որ Հեբոն այն մարդկանցից էր, ովքեր երբեք չէին խուսափում ամենավտանգավոր առաջադրանքներից և առաջիններից էին կանգնում մարտի ամենաթեժ կետերում։

Այսօր արդեն Հեբոյի անունը կրող փողոցը հիշեցնելու է նրա անցած ճանապարհի, սխրանքների և անմնացորդ նվիրումի մասին։ Սա ոչ միայն գնահատանքի տուրք է հերոսին, այլև պատգամ՝ նոր սերունդներին հիշելու նրանց, ովքեր սեփական կյանքը նվիրեցին հայրենիքի ազատությանն ու անվտանգությանը։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս