Armenian text to speach

Բաբկեն Թունյանի ունեցվածքը. պատգամավորի եկամուտներն աճել են, իսկ վարկերը՝ հասել միլիոնների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում են հանրությանը ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց տարեկան հայտարարագրերը։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Հիշեցնենք, որ նա դեռևս 2019-2021 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով, զբաղեցրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը և հանդիսացել «Իմ քայլը» խմբակցության անդամ։ Այնուհետև՝ 2021 թվականի հունիսի 20-ին, նա ԱԺ պատգամավոր է ընտրվել արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։Ուսումնասիրելով պատգամավորի ներկայացրած փաստաթղթերը տարբեր տարիների կտրվածքով՝ ներկայացնում ենք նրա հայտարարագրերի մանրամասները։

2025 թվական. 40 միլիոնանոց վարկային բեռը

Անդրադառնալով Բաբկեն Թունյանի 2025 թվականի տարեկան հայտարարագրին՝ ArmLur.am-ը արձանագրեց, որ տարվա սկզբի և վերջի դրությամբ պատգամավորը համատեղ սեփականության իրավունքով շարունակում է ունենալ Երևան քաղաքում գտնվող մեկ բնակարան, որը ձեռք է բերվել դեռևս 1994 թվականի հոկտեմբերի 11-ին՝ այլ եղանակով։ Հաշվետու տարում նա անշարժ գույք չի ձեռք բերել և չի օտարել։ Տրանսպորտային միջոցների մասով հայտարարագրվել է 2004 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մարդատար ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2017 թվականի նոյեմբերի 6-ին՝ գնման միջոցով։ Տարվա ընթացքում նոր տրանսպորտային միջոց չի ձեռք բերվել, և առկա ավտոմեքենան չի օտարել։ Արժեթղթերի և ներդրումների բաժնում Բաբկեն Թունյանը հայտարարագրել է 2015 թվականի մարտի 13-ին ձեռք բերված բաժնեմաս, որի արժեքը տարվա սկզբին և վերջում անփոփոխ կերպով կազմել է 10 հազար դրամ։ Բանկային ավանդների մասով պատգամավորն ունեցել է երկու ավանդ, որոնցից մեկի մնացորդը տարվա սկզբին եղել է 0 դրամ, իսկ տարվա վերջում՝ 75 հազար դրամ, իսկ երկրորդ ավանդի մնացորդը տարվա սկզբին և վերջում կազմել է 200 հազար դրամ։ Բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների մնացորդը տարվա սկզբին կազմել է 743 հազար դրամ, իսկ տարվա վերջում աճել է՝ հասնելով 1 միլիոն 350 հազար դրամի։ Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբին կազմ են 850 ԱՄՆ դոլար և 1 միլիոն 50 հազար դրամ, իսկ տարվա վերջի դրությամբ՝ 2 հազար ԱՄՆ դոլար և 1 միլիոն դրամ։ 2025 թվականի ընթացքում Բաբկեն Թունյանի միակ եկամուտը եղել է Ազգային ժողովի աշխատակազմից ստացած աշխատավարձը, որը կազմել է 12 միլիոն 684 հազար 518 դրամ։ Վարկային պարտավորությունների բաժնում պատգամավորը հայտարարագրել է երկու վարկ, որոնց մայր գումարի մնացորդները հաշվետու տարվա ավարտին կազմել են համապատասխանաբար 11 միլիոն 983 հազար 744 դրամ և 28 միլիոն 758 հազար 392 դրամ։ Երկրորդ վարկը կապված է բնակարանի գնման իրավունքի հետ, իսկ վարկերի ընդհանուր մնացորդը կազմել է 40 միլիոն 742 հազար 136 դրամ։

2024 թվական

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց նաև պատգամավորի 2024 թվականի տարեկան հայտարարագիրը։ Փաստաթղթի համաձայն՝ 2024 թվականի սկզբի և վերջի դրությամբ Բաբկեն Թունյանը համատեղ սեփականության իրավունքով շարունակում է ունենալ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող մեկ բնակարանը, որը ձեռք է բերվել 1994 թվականի հոկտեմբերի 11-ին՝ այլ եղանակով, և հաշվետու տարվա ընթացքում անշարժ գույք չի ձեռք բերել ու չի օտարել։ Տրանսպորտային միջոցների մասով պատգամավորը հայտարարագրել է 2004 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մարդատար ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2017 թվականի նոյեմբերի 6-ին՝ գնման միջոցով։ Արժեթղթերի և ներդրումների բաժնում Բաբկեն Թունյանը հայտարարագրել է 2015 թվականի մարտի 13-ին ձեռք բերված բաժնեմաս, որի արժեքը տարվա սկզբին և վերջում կազմել է 10 հազար դրամ։ Հայտարարագրում նշված է նաև, որ նա շարունակում է ունենալ «Արմբիզնես» ՍՊԸ-ում 20 տոկոս մասնակցություն, որը ձեռք է բերել նույն օրը՝ 2015 թվականի մարտի 13-ին։ Բանկային ավանդների մասով պատգամավորը հայտարարագրել է մեկ ավանդ, որի մնացորդը տարվա սկզբին և վերջում կազմել է 200 հազար դրամ։ Բանկային հաշիվներում առկա դրական միջոցների մնացորդը 2024 թվականի սկզբին կազմել է 569 հազար 700 դրամ, իսկ տարվա վերջում՝ 743 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբին կազմել են 1 100 ԱՄՆ դոլար և 900 հազար դրամ, իսկ տարվա վերջի դրությամբ՝ 850 ԱՄՆ դոլար և 1 միլիոն 50 հազար դրամ։ 2024 թվականի ընթացքում Բաբկեն Թունյանի եկամուտը ձևավորվել է բացառապես Ազգային ժողովի աշխատակազմից ստացած աշխատավարձից, որը կազմել է 10 միլիոն 641 հազար 427 դրամ։ Վարկային պարտավորությունների բաժնում պատգամավորը հայտարարագրել է երկու վարկ, որոնց մայր գումարի մնացորդները հաշվետու տարվա ավարտի դրությամբ կազմել են համապատասխանաբար 13 միլիոն 89 հազար 131 դրամ և 31 միլիոն 69 հազար 884 դրամ։ Երկրորդ վարկը վերաբերում է գնման իրավունքով բնակարանին, իսկ վարկերի ընդհանուր մնացորդը կազմել է 44 միլիոն 159 հազար 15 դրամ։

2023 թվական. 12 միլիոն դրամի վերանորոգում և վարկային պարտավորությունների աճ

Անցնելով 2023 թվականի տարեկան հայտարարագրին՝ ArmLur.am-ը ֆիքսեց, որ նա նոր ավտոմեքենա չի ձեռք բերել և չի օտարել առկա տրանսպորտային միջոցը։ Արժեթղթերի և ներդրումների բաժնում Բաբկեն Թունյանը հայտարարագրել է 2015 թվականի մարտի 13-ին ձեռք բերված բաժնեմաս, որի արժեքը տարվա սկզբին և վերջում կազմել է 10 հազար դրամ։ Բանկային ավանդների մասով պատգամավորն ունեցել է մեկ ավանդ, որի մնացորդը տարվա սկզբին կազմել է 0 դրամ, իսկ տարվա վերջում՝ 200 հազար դրամ։ Բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների մնացորդը 2023 թվականի սկզբին կազմել է 779 հազար դրամ, իսկ տարվա վերջում՝ 569 հազար 700 դրամ։ Կանխիկ դրամական միջոցների մասով տարվա սկզբին Բաբկեն Թունյանը հայտարարագրել է 1 200 ԱՄՆ դոլար և 1 միլիոն 200 հազար դրամ, իսկ տարվա վերջում՝ 1 100 ԱՄՆ դոլար և 900 հազար դրամ։ 2023 թվականի ընթացքում պատգամավորի եկամուտը ձևավորվել է բացառապես Ազգային ժողովի աշխատակազմից ստացած աշխատավարձից, որը կազմել է 10 միլիոն 428 հազար 535 դրամ։ Վարկային պարտավորությունների մասով Բաբկեն Թունյանը հայտարարագրել է երկու վարկ, որոնց մայր գումարի մնացորդները հաշվետու տարվա ավարտին կազմել են համապատասխանաբար 13 միլիոն 729 հազար 908 դրամ և 31 միլիոն 804 հազար 664 դրամ։ Երկրորդ վարկը կապված է նոր կառուցվող շենքում բնակարանի հետ, իսկ վարկերի ընդհանուր մայր գումարի մնացորդը կազմել է 45 միլիոն 534 հազար 572 դրամ։ Ծախսերի բաժնում հայտարարագրվել է, որ 2023 թվականի ընթացքում Բաբկեն Թունյանը վարկերի մարման համար վճարել է 5 միլիոն 200 հազար դրամ, ինչպես նաև անշարժ գույքի վերանորոգման նպատակով կատարել է 12 միլիոն դրամի ծախս։

2022 թվական. Առաջին հիփոթեքը

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրել է նաև պատգամավորի 2022 թվականի տարեկան գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։ Փաստաթղթի համաձայն՝ 2022 թվականի սկզբի և ավարտի դրությամբ Բաբկեն Թունյանի սեփականությունում առկա է եղել համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարան Երևանի Դավթաշեն վարչական շրջանում։ Բնակարանը ձեռք է բերվել դեռևս 1994 թվականի հոկտեմբերի 11-ին՝ այլ եղանակով, և հաշվետու տարվա ընթացքում անշարժ գույք չի ձեռք բերել և չի օտարել։ Արժեթղթերի և ներդրումների բաժնում Բաբկեն Թունյանը հայտարարագրել է 2015 թվականի մարտի 13-ին ձեռք բերված բաժնեմաս, որի արժեքը տարվա սկզբում և ավարտին կազմել է 10 հազար դրամ։ Դրամական միջոցների համաձայն՝ 2022 թվականի սկզբին պատգամավորի բանկային հաշվում եղել է 500 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 779 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբում կազմել են 1 200 ԱՄՆ դոլար և 1 մլն 300 հազար դրամ, իսկ տարվա վերջում՝ 1 200 ԱՄՆ դոլար և 1 մլն 200 հազար դրամ։ Եկամուտների բաժնում Բաբկեն Թունյանը հայտարարագրել է ընդհանուր 8 մլն 465 հազար 740 դրամ եկամուտ, այդ թվում՝ Ազգային ժողովի աշխատակազմից աշխատանքի վարձատրության ձևով ստացել է 8 մլն 354 հազար 617 դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերի շրջանակում ստացել է 111 հազար 123 դրամ։ Հայտարարագրի համաձայն՝ 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Բաբկեն Թունյանն ունեցել է նաև 33 մլն դրամ մայր գումարի մնացորդով հիփոթեքային վարկ, որի առարկան բնակարանն է։

2021 թվական

Իսկ ինչպիսի՞ն էր պատկերը 2021 թվականին։Ըստ 2021 թվականին Բաբկեն Թունյանը հայտարարագրել է նաև բաժնեմաս մեկ ընկերությունում, որը ձեռք է բերել 2015 թվականի մարտի 13-ին, և որի արժեքը ինչպես տարվա սկզբին, այնպես էլ տարվա վերջում կազմել է 10 հազար դրամ։ Դրամական միջոցների մասով պատգամավորի բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբին կազմել է 1 մլն 150 հազար դրամ, իսկ տարվա վերջում՝ 500 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցների մասով տարվա սկզբին նա հայտարարագրել է 1 500 ԱՄՆ դոլար և 500 հազար դրամ, իսկ տարվա վերջում՝ 1 200 դրամ և 1 մլն 300 հազար դրամ կանխիկ միջոցներ։ 2021 թվականի ընթացքում Բաբկեն Թունյանի ընդհանուր եկամուտը կազմել է 8 մլն 332 հազար 680 դրամ, որից 8 մլն 242 հազար 680 դրամը ստացել է որպես աշխատանքի վարձատրություն Ազգային ժողովից, իսկ 90 հազար դրամը՝ որպես աշխատանքի վարձատրություն Պետական համալսարանից։ Հայտարարագրի համաձայն՝ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պատգամավորը չի ունեցել վարկերի կամ փոխառությունների մայր գումարի մնացորդ։

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ պատգամավորի տարեկան աշխատավարձը տարեցտարի աճել է՝ 2021 թվականի շուրջ 8,3 մլն դրամից հասնելով 2025 թվականին 12,68 մլն դրամի։ Միաժամանակ բանկային հաշիվներում պահվող միջոցները ևս աճել են՝ 2021 թվականի վերջի 500 հազար դրամից հասնելով 2025 թվականի վերջի 1 մլն 350 հազար դրամի։

Սոնա Գրիգորյան




Լրահոս