Վճարումները՝ ավելի արագ, ավելի պարզ և առանց ավելորդ քայլերի։ TelCell-ը ներկայացրել է My Telcell նոր հարթակը, որը Telcell Wallet-ի նույնականացված օգտատերերին հնարավորություն է տալիս անմիջապես Telcell վճարային տերմինալից մուտք գործել իրենց անձնական էջ և օգտվել հաճախ օգտագործվող ծառայություններից։
Նոր լուծման առանձնահատկությունն այն է, որ Հայաստանում առաջին անգամ տերմինալով նույնականացումը հնարավոր է իրականացնել առանց էկրանին դիպչելու։ Բավական է Apple Pay կամ Google Pay-ում ավելացված Telcell Wallet Visa Digital քարտով հեռախոսը մոտեցնել քարտ ընթերցիչին, և համակարգը ավտոմատ կճանաչի օգտատիրոջը՝ բացելով նրա անձնական էջը։ Իսկ նրանք, ովքեր դեռ չունեն թվային քարտ, կարող են մուտք գործել QR կոդի կամ push ծանուցման հաստատման միջոցով։
TelCell-ի փոխտնօրեն Լիանա Հունանյանի խոսքով՝ ընկերությունը երկար տարիների ընթացքում առանձնացրել է հինգ հիմնական խնդիր, որոնց հաճախ բախվում էին օգտատերերը՝ նույնականացման բարդ ընթացակարգը, քարտային տվյալների հիշելու անհրաժեշտությունը, մանրի հետ կապված դժվարությունները, վճարումների կարգավիճակի անորոշությունը և հաճախորդների աջակցության հասանելիությունը։ Հենց այդ խնդիրների լուծման համար էլ մշակվել են նոր գործիքները։
My Telcell հարթակը թույլ է տալիս առանց կրկին նույնականանալու համալրել Telcell Wallet-ը, բանկային քարտերը և հաշիվները, մարել վարկերը, ստեղծել և կառավարել պահպանված վճարումները, կատարել խմբային վճարումներ, դիտել գործարքների պատմությունը և մեկ հպումով կրկնել նախկինում կատարված վճարումները։
Նորարարություններից մեկն էլ Telcell Wallet հավելվածում ներդրված չաթն է՝ բոտի աջակցությամբ։ Այսուհետ օգտատերերը կարող են հավելվածի միջոցով տեղեկանալ իրենց վճարումների կարգավիճակին, ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը և միայն բարդ դեպքերում դիմել թեժ գծին։ Ընկերությունում վստահ են, որ այս լուծումը կթեթևացնի աջակցության ծառայության ծանրաբեռնվածությունը և կբարելավի հաճախորդների սպասարկման որակը։
TelCell-ում ընդգծում են՝ My Telcell հարթակը թվային ֆինանսական ծառայությունների զարգացման հերթական քայլն է, որի նպատակը վճարումները դարձնելն է առավել արագ, անվտանգ և հարմար՝ միավորելով բջջային հավելվածի և վճարային տերմինալների հնարավորությունները մեկ միասնական հարթակում։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























