Մինչ իշխանությունը շարունակում է խոսել «Արարատցեմենտի» ճակատագրի մասին, մամուլում ակտիվորեն շրջանառվում են տեղեկություններ, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանին։
Պաշտոնական հաստատում այս տեղեկությանը դեռևս չկա, սակայն Զաքարյանի անունը հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում ոչ միայն այդ հրապարակումների, այլև նախկինում հնչեցրած աղմկահարույց հայտարարությունների պատճառով։
ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ հենց նա էր, ով ղազախական կողմից Հայաստան ուղարկված ցածրորակ ցորենի վերաբերյալ քննադատություններին պատասխանել էր. «Ցորենը ցորեն չի՞, կենդանին որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի՞ տալիս», ինչն առաջացրել էր լայն հասարակական դժգոհություն։
Այս ֆոնին ArmLur.am-ը ուսումնասիրել է փոխնախարարի վերջին տարիների հայտարարագրերը։
Երկու բնակարան, մեկ Lexus և գրեթե անփոփոխ գույք
Էդգար Զաքարյանի հայտարարագրերից երևում է, որ վերջին տարիներին նրա անշարժ գույքը փաստացի չի փոխվել։ Նա շարունակում է հայտարարագրել Երևանի երկու բնակարան, որոնք ձեռք է բերել 2018 և 2019 թվականներին, ինչպես նաև 2005 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2017 թվականին։ Թանկարժեք այլ գույք, բանկային ավանդներ կամ կրիպտոակտիվներ նա չի հայտարարագրել։
Կուսակցական ղեկավարից՝ փոխնախարար
2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա տարեկան միակ եկամուտը եղել է Էկոնոմիկայի նախարարությունից ստացած աշխատավարձը՝ 18,4 մլն դրամ։ Միևնույն ժամանակ նա շարունակում է ղեկավարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհուրդը՝ զուգահեռ զբաղեցնելով նախարարի տեղակալի պաշտոնը։ Կանխիկ գումարները նվազել են 2025 թվականի վերջի դրությամբ Զաքարյանի կանխիկ միջոցները կազմել են 2,5 մլն դրամ, 8 հազար ԱՄՆ դոլար, 3 հազար եվրո։
Նախորդ տարվա համեմատ նվազել են թե՛ դրամային, թե՛ դոլարային և եվրոյով պահվող միջոցները։ Բանկային հաշիվներում ընդհանուր ունեցել է մոտ 2,6 մլն դրամ, մինչդեռ մյուս հաշիվներում մնացորդներ գրեթե չեն եղել։
Բիզնեսը պահպանել է, բայց փոխանցել է հավատարմագրային կառավարման
Հետաքրքիր փոփոխություն է արձանագրվել նրա բիզնես շահերի մասով։ Զաքարյանը պահպանել է «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ընկերությունում ունեցած 72 տոկոս բաժնեմասը, սակայն այն մինչև 2030 թվականը փոխանցել է հավատարմագրային կառավարման «Կուբ Ինվեստ» ՓԲԸ-ին։ Սա նշանակում է, որ բաժնեմասի սեփականատերը շարունակում է մնալ ինքը, սակայն դրա կառավարումն իրականացնելու է այլ կառույց։ Վարկը մեծացել է 2025 թվականի վերջում փոխնախարարը հայտարարագրել է 7,5 մլն դրամ վարկի մնացորդ, մինչդեռ տարվա ընթացքում մարել է ևս 5 մլն դրամ։ Նախորդ տարիներին նրա վարկային բեռը կազմել էր 3 մլն, ապա 5 մլն դրամ, ինչը ցույց է տալիս, որ պարտավորությունները ժամանակի ընթացքում աճել են։
Նախկինում եկամուտներն ավելի բազմազան էին
Եթե 2025 թվականին նրա եկամուտը բացառապես պետական աշխատավարձն էր, ապա նախորդ տարիներին Զաքարյանը եկամուտներ էր ստանում նաև իր մասնավոր ընկերություններից և անշարժ գույքի վարձակալությունից։ 2024 թվականին նա հայտարարագրել էր շուրջ 8,58 մլն դրամ եկամուտ, որի մեջ ներառված էին.
- աշխատավարձ Էկոնոմիկայի նախարարությունից,
- եկամուտ «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս»-ից,
- աշխատավարձ «Հեզ ընդ Նեզ»-ից,
- վարձակալության վճար։
2022 թվականին նրա ընդհանուր եկամուտը գերազանցել էր 17,6 մլն դրամը, այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրով ստացած վճարումներ, ընկերություններից ստացված աշխատավարձ և վարձակալությունից գոյացած եկամուտ։
Ի՞նչ է սպասվում «Արարատցեմենտին»
Այս ամենի ֆոնին շարունակում են քննարկվել «Արարատցեմենտի» շուրջ զարգացումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարել էր, որ գործարանը «շուտով լինելու է պետական»՝ միաժամանակ կոչ անելով աշխատակիցներին չգնալ քայլերի, որոնք կարող են իրենց զրկել աշխատանքից։ Մինչ պաշտոնական որոշում չկա, շրջանառվող տեղեկությունները, թե ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել հենց Էդգար Զաքարյանը, շարունակում են մնալ մամուլի հրապարակումների մակարդակում և կառավարության կողմից չեն հաստատվել։ Սակայն եթե նման նշանակումը կայանա, այն վստահաբար նոր հարցեր կառաջացնի ոչ միայն պետական կառավարման, այլև քաղաքական վստահության, շահերի բախման և պետական ակտիվների տնօրինման թափանցիկության վերաբերյալ՝ հատկապես այն պայմաններում, երբ նշանակման հավանական թեկնածուն նույն պաշտոնյան է, որի անունը հանրության հիշողության մեջ ամրագրվել է «ցորենը ցորեն չի՞» արտահայտությամբ։
Սոնա Գրիգորյան























































































