Armenian text to speach

Ով է շրջակա միջավայրի նորանշանակ փոխնախարար Հայկ Առաքելյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 10-ի որոշմամբ՝ Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։

Հայկ Առաքելյանը ծնվել է 1990 թվականի մարտի 11-ին Երևանում։ 2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։ Այնուհետև կրթությունը շարունակել է արտերկրում։ 2015 թվականին ավարտել է Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի՝ LLM աստիճան՝ առևտրային իրավունքի ուղղությամբ, իսկ 2016 թվականին Լոնդոնի Իմպերիալ քոլեջում ստացել է գիտությունների մագիստրոսի աստիճան՝ շրջակա միջավայրի տեխնոլոգիաների ուղղությամբ։

Նա նաև 2023 թվականին ավարտել է Harvard Business School Online-ի «Ռազմավարության իրականացում» ծրագիրը, անցել է Պատասխանատու բանկային գործունեության սկզբունքների ակադեմիայի ուսուցողական ծրագրերը և հանդիսանում է բլոկչեյնի ու թվային ակտիվների գծով հավաստագրված մասնագետ։

Առաքելյանի աշխատանքային գործունեությունը սկսվել է ՀՀ կենտրոնական բանկում։ 2012-2013 թվականներին նա աշխատել է ԿԲ-ում՝ որպես իրավախորհրդատու։ 2010-2012 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։

2019-2022 թվականներին աշխատել է «Էրնսթ ընդ Յանգ» (EY) ընկերությունում՝ որպես կլիմայի փոփոխության և կայունության ծառայությունների ավագ խորհրդատու։ Այդ ընթացքում խորհրդատվություն է տրամադրել բանկային, մետաղական հանքարդյունաբերության և այլ ոլորտների ընկերություններին՝ կանաչ պարտատոմսերի թողարկման, կայունության ռազմավարությունների և հաշվետվողականության հարցերով։

2022-2023 թվականներին եղել է «Կոնվերս Բանկ»-ի ESG ուղղության ղեկավարը, 2023-2024 թվականներին՝ Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրենի խորհրդականը, իսկ 2024-2026 թվականներին ղեկավարել է «Renshin Investments» ընկերության ներգրավված ֆինանսական միջոցների կառավարման ուղղությունը։

2018 թվականին մասնագիտական պրակտիկա է անցել Գերմանիայի KfW զարգացման բանկում՝ Ֆրանկֆուրտում, ինչպես նաև Fichtner Management Consulting AG-ում՝ Շտուտգարտում։

Հայկ Առաքելյանը ամուսնացած է, ունի երկու զավակ։

Նշենք, որ նրա նշանակումը տեղի է ունենում կառավարության կադրային բանկի ձևավորման գործընթացի շրջանակում։ Հունիսի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար 200 համալսարանների շրջանավարտներին հրավիրել էր ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում։ Օգոստոսի 4-ին Փաշինյանը հայտնել էր, որ ստացվել է 1141 հայտ, որոնց ուսումնասիրության և նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40 տոկոսն անցել է երկրորդ փուլ։ Վարչապետը հայտնել էր նաև, որ առաջիկայում մի շարք դիմորդների բարձր պաշտոններում նշանակելու որոշումներ են կայացվելու։

Սոնա Գրիգորյան




Լրահոս