«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է նոր դատավորի։ Ըստ «Դատալեքս»-ի՝ գործը քննելու է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը։ Նոր դատավորը դեռևս նիստի օր չի նշանակել։
ArmLur.am-ը ուսումնասիրել է, թե ով է Սերժ Ռուշանյանը։
Ռուշանյանը ծնվել է 1997 թվականի մարտի 9-ին Երևանում։ Իրավագիտություն է սովորել Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանում, Սորբոնի և Քեմբրիջի համալսարաններում։
2017-2020 թվականներին եղել է «Արդարադատություն և իրավունքի գերակայություն» ՀԿ-ի նախագահ, իսկ 2020-2022 թվականներին աշխատել է Արդարադատության նախարարությունում՝ տարբեր պաշտոններում։
2023 թվականի հուլիսին նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2024 թվականի օգոստոսից դատավոր է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։
Հիշեցնենք, որ կաթողիկոսի գործը նախկինում մակագրված էր դատավոր Հակոբ Մանուկյանին, որը հայտնել էր ինքնաբացարկ։ Մանուկյանն իր որոշումը հիմնավորել էր այն հանգամանքով, որ 2021 թվականին Փաստաբանական ակադեմիայում սովորելու ընթացքում գործով կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանը եղել է Փաստաբանների պալատի նախագահ և որակավորման հանձնաժողովի նախագահ, իսկ իր փաստաբանական արտոնագիրը բանավոր քննությունից հետո տվել էր հենց Զոհրաբյանը։
Դատավորը նշել էր, որ այդ հանգամանքները կարող են անաչառ դիտորդի մոտ կասկած առաջացնել իր անկողմնակալության վերաբերյալ։
Վերը նշված գործը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին։ Կաթողիկոսը նրան պաշտոնանկ էր արել, սակայն դատարանը պարտավորեցրել էր վերականգնել հոգևորականին իր պաշտոնում։ Մայր Աթոռը, սակայն, նրան պաշտոնում չի վերականգնել, փոխարենը կարգալույծ է արել՝ հայտարարելով, որ նման հարցերը դատարանի իրավասության շրջանակում չեն, և դրանց միջամտությունը եկեղեցու ինքնավարության միջամտություն է։
Քննչական մարմինը Մայր Աթոռի այս քայլը դիտարկում է որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում։
Ինչ ունեցվածք ունի Սերժ Ռուշանյանը
Սերժ Ռուշանյանի 2025 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ տարվա ընթացքում նա նվիրատվությամբ ստացել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված տնտեսական շինություններով։ Գույքը նույն տարվա փետրվարի 28-ին նվիրատվությամբ օտարվել է։ Երկու գործարքների արժեքը հայտարարագրում նշված է 0 դրամ։
Տարվա սկզբում Ռուշանյանի անունով եղել է 2007 թվականի արտադրության Land Rover ավտոմեքենա, որը նա 2022 թվականին ստացել էր նվիրատվությամբ։ 2025 թվականի դեկտեմբերի 20-ին մեքենան վաճառել է 4 մլն դրամով։
Հայտարարագրում միաժամանակ նշված է, որ տարվա ընթացքում 90 և ավելի օր նա փաստացի տիրապետել է 2025 թվականի արտադրության Toyota ավտոմեքենայի, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանել։
Դատավորի բանկային հաշվի մնացորդը 2025 թվականի սկզբում կազմել է 72 հազար 235 դրամ, իսկ տարվա վերջին՝ 145 հազար 247 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբի 6 մլն դրամից տարեվերջին հասել են 13 մլն 500 հազար դրամի։
Ռուշանյանը 2025 թվականի ընթացքում ընդհանուր հայտարարագրել է 40 մլն 598 հազար 19 դրամ եկամուտ։ Դրանցից 13 մլն 240 հազար 734 դրամը կազմել է աշխատանքի վարձատրությունը՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Դատական դեպարտամենտից։
Land Rover-ի վաճառքից ստացած եկամուտը կազմել է 4 մլն դրամ, եկամտային հարկի վերադարձից ստացել է 2 մլն 319 հազար 890 դրամ, իսկ սոցիալական փաթեթից՝ 72 հազար դրամ։
Հայտարարագրում նշված է նաև, որ Ռուշանյանը հարսանեկան նվերների տեսքով ստացել է 20 հազար ԱՄՆ դոլար և 8 մլն դրամ։
Բացի այդ, «Ամերիաբանկ»-ից ստացած վարկի գումարը կազմել է 5 մլն 549 հազար 795 դրամ։
2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ դատավորի վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 39 մլն 247 հազար 345 դրամ։ Հայտարարագրում նշված են 7 մլն 754 հազար 584 դրամ, 26 մլն 392 հազար 762 դրամ և 5 մլն 99 հազար 999 դրամ մնացորդներով վարկեր։
Տարվա ընթացքում վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 3 մլն 986 հազար 844 դրամ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




























