Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթողների նախարարությունը խստորեն դատապարտել է Կոլումբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից օգոստոսի 10-ին հրապարակված հայտարարությունը, որով Կոլումբիան ճանաչում է Իսրայելի ինքնիշխանությունն օկուպացված սիրիական Գոլանի բարձունքների նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Alikhbaria Syria հեռուստաալիքը։
Օգոստոսի 11-ին հրապարակված հայտարարության մեջ նախարարությունը կոլումբիական դիրքորոշումը համարել է «հիմնված անվտանգության այնպիսի պատրվակների վրա, որոնք հակասում են միջազգային իրավունքի դրույթներին և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերին»՝ ընդգծելով Դամասկոսի կողմից այդ դիրքորոշման կտրականապես մերժումը։
Նախարարությունը շեշտել է, որ Գոլանի բարձունքները Սիրիայի տարածքի անբաժանելի մասն են կազմում՝ Կոլումբիայի կառավարության հայտարարությունը համարելով «ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում»։
Արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունները, որոնցում նա հաստատել է, որ Գոլանի բարձունքները Սիրիայի տարածք են, և որ ՄԱԿ-ն անվերապահորեն ճանաչում է, որ դրանք երկրի մաս են կազմում։ Նաև նշվել է, որ խախտվել է տարածքների ուժով ձեռքբերման անթույլատրելիության սկզբունքը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի 497 բանաձևը։
Այս համատեքստում Դամասկոսը ողջունել է օկուպացված սիրիական Գոլանում իր օրինական իրավունքների նկատմամբ միջազգային աջակցության աճը՝ նշելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Սիրիական Գոլան» բանաձևին աջակցող երկրների թվի աճը, ըստ որի՝ 2024 թվականի 97-ից այդ ցուցանիշը 2025 թվականին հասել է 123-ի։
Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Սիրիայի տարածք Իսրայելի շարունակական հարձակումներն ու ներխուժումները՝ կոչ անելով բոլոր պետություններին և միջազգային կազմակերպություններին կատարել իրենց պարտականությունները՝ հարգելով միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի բանաձևերը։
Ավելի վաղ Կոլումբիան նշել է, որ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի վերահսկողության և ինքնիշխանության պահպանումն իր ազգային պաշտպանության կարևոր բաղադրիչն է։
Իսրայելը Գոլանի բարձունքների մեծ մասը Սիրիայից գրավել է 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ, իսկ 1981 թվականին տարածքն անեքսիայի է ենթարկել։ Քայլը մերժվել է միջազգային հանրության մեծ մասի կողմից։ Չնայած դրան՝ ԱՄՆ-ն 2019 թվականին՝ Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում, պաշտոնապես ճանաչել է Իսրայելի պահանջը Գոլանի բարձունքների նկատմամբ։



























