Այսօր՝ օգոստոսի 21-ին, ծննդյան 75-րդ տարեդարձն է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Վեհափառ Հայրապետը ծնվել է 1951 թվականի օգոստոսի 21-ին Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում։
Օգոստոսի 21-ի լույս գիշերից Վեհափառ Հայրապետին շտապել են շնորհավորել ու բարեմաղթանքներ հղել բազմաթիվ քաղաքացիներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդներ, այդ թվում՝ Մայր Աթոռի միաբանությունը, հոգևոր դասը, քաղաքական և հասարակական գործիչներ, հավատավոր քաղաքացիներ ու երիտասարդներ։
Նշենք, որ ArmLur.am-ն ուսումնասիրեց նաև Մայր Աթոռի հրապարակումները, որտեղ արձանագրված է, որ , տարբեր տարիների նրա ծննդյան օրը շնորհավորագրեր են ստացվել պետական, քաղաքական և հասարակական գործիչներից, օտարերկրյա դեսպաններից, իսկ հավատացյալներն ու երիտասարդները այցելել են Մայր Աթոռ՝ իրենց շնորհավորանքն ու զորակցությունը հայտնելու։
Գարեգին Բ-ի ճանապարհը դեպի Հայոց Հայրապետական գահ սկսվել է դեռևս երիտասարդ տարիներին։ 1965 թվականին նա ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան, 1970-ին ձեռնադրվել սարկավագ, իսկ 1972-ին՝ կուսակրոն քահանա՝ ստանալով Գարեգին աբեղա անունը։ Հետագայում ուսումը շարունակել է Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում, Բոնի համալսարանում և Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում։
1980 թվականից նա ծառայել է Արարատյան Հայրապետական թեմում, 1983-ին նշանակվել առաջնորդական փոխանորդ, նույն տարվա հոկտեմբերին ձեռնադրվել եպիսկոպոս, իսկ 1992-ին արժանացել արքության պատվի։ Նրա գործունեության կարևոր հանգրվաններից էր 1989 թվականին Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի հիմնադրումը։
1999 թվականը նրա կենսագրության շրջադարձային փուլն էր։ Հոկտեմբերի 27-ին Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Նա դարձավ Հայ Առաքելական Եկեղեցու 132-րդ գահակալը և մինչ օրս շարունակում է առաջնորդել Հայոց Եկեղեցին։
Գարեգին Բ-ի ավելի քան քառորդդարյա գահակալության ընթացքում Հայ Եկեղեցու գործունեության առանցքային ուղղություններից մեկը եղել է հոգևոր կրթության զարգացումը։ Նրա գահակալության առաջին իսկ տարիներին հիմնադրվեց Գարեգին Ա-ի անվան Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը, իսկ Գևորգյան հոգևոր ճեմարանը, Սևանի Վազգենյան դպրանոցը և Գյումրիի ընծայարանը շարունակեցին զարգանալ։ Եկեղեցական կրթական համակարգի կարևոր բաղադրիչ են դարձել նաև Հայորդյաց տները, որոնք համադրում են երեխաների ստեղծագործական կրթությունն ու քրիստոնեական դաստիարակությունը։
Մյուս կարևոր ուղղությունը Հայոց բանակում հոգևոր ծառայության ամրապնդումն է։ Գարեգին Բ-ի գահակալության տարիներին բանակում հոգևոր ծառայությունը դարձել է առավել համակարգված կառույց։ Մայր Աթոռի տվյալներով՝ ԶՈւ Հոգևոր առաջնորդության 20-ամյակի առիթով նշվել էր, որ երկու տասնամյակում ավելի քան 300 գնդերեցներ ծառայություն են իրականացրել, իսկ զորամասերում կառուցվել են երեք տասնյակից ավելի մատուռներ և աղոթատներ։ Ցավոք սրտի, 2025 թվականին, ՀՀ Պաշտպանության նախարարության որոշմամբ լուծարվեց գնդերեցների գունդը։
Գարեգին Բ-ի գործունեության մեկ այլ խոշոր ուղղություն եկեղեցաշինությունն ու Մայր Աթոռի ենթակառուցվածքների զարգացումն է։ Նրա գահակալության տարիներին կառուցվել ու վերանորոգվել են բազմաթիվ եկեղեցիներ, վանական համալիրներ և կրթական ու սոցիալական կառույցներ։ Այս շրջանի ամենանշանակալի եկեղեցաշինական նախագծերից է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին, որը օծվեց 2001 թվականին՝ Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի միջոցառումների շրջանակում։
Միաժամանակ ընդլայնվել են Մայր Աթոռի սոցիալական և բարեգործական ծրագրերը։ Ստեղծվել է Սոցիալական ծառայության գրասենյակ, իրականացվել են երեխաներին, սոցիալապես խոցելի խմբերին, զինծառայողներին և նրանց ընտանիքներին ուղղված ծրագրեր։ Հատուկ նշանակություն են ստացել նաև Արցախյան պատերազմներից հետո իրականացվող աջակցության ծրագրերը։
Գարեգին Բ-ի գահակալության ընթացքում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել նաև Արցախի հարցը։ Հայոց Հայրապետը տարբեր եկեղեցական և միջազգային հարթակներում բարձրաձայնել է Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, հայ գերիների վերադարձի և Ադրբեջանի կողմից հայատյացության դրսևորումների խնդիրները։ 2020 թվականի պատերազմից հետո Մայր Աթոռը ներգրավված է եղել նաև զոհվածների, անհետ կորածների, գերիների ընտանիքների և Արցախից բռնի տեղահանվածների աջակցության աշխատանքներում։
Մեկ այլ կարևոր ուղղություն է եղել միջեկեղեցական և միջկրոնական հարաբերությունների զարգացումը։ Գարեգին Բ-ի օրոք Մայր Աթոռում ակտիվացել են կապերը քույր եկեղեցիների հետ, ստեղծվել է Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակ, իսկ Վեհափառ Հայրապետը բազմաթիվ հանդիպումներ ու այցելություններ է ունեցել քրիստոնեական այլ եկեղեցիների առաջնորդների հետ։
Նրա գործունեության օրակարգում մշտապես եղել են նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, հայապահպանության, Հայաստան–Սփյուռք կապերի և ազգային ինքնության պահպանման հարցերը։
Այսօր՝ իր 75-ամյակի օրը, Հայոց Հայրապետը շարունակում է մնալ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդը՝ համախմբելով աշխարհասփյուռ հայերին, ամուր ու անսասան պահելով Եկեղեցու հիմքերը։
Իսկ օգոստոսի 21-ը Նրա համար շարունակում է մնալ այն օրը, երբ Մայր Աթոռում, հոգևոր դասի, հավատացյալների և տարբեր տարիներին պետական ու քաղաքական գործիչների կողմից հնչում են Հայոց Հայրապետին ուղղված շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։
Նանիկ Աղասյան




























