Մարոկկոյից դեպի իսպանական Սեուտա էքսկլավ միգրանտների զանգվածային հոսքից հետո Եվրամիությունն Իսպանիային տրամադրել է 114,7 միլիոն եվրոյի չափով արտակարգ օգնություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի հաղորդագրությունը:
Միջոցները նախատեսված են սահմանային հսկողությունը և անօրինական միգրանտների վերադարձի գործընթացը բարելավելու, ինչպես նաև Սեուտայում միգրանտների ընդունման հնարավորություններն ընդլայնելու համար։
Բացի այդ, ԵՄ-ի սահմանապահ գործակալությունը՝ Frontex-ը, Եվրոպոլը և ԵՄ-ի ապաստանի հարցերով գործակալությունը պետք է մեծացնեն օգնությունը տեղի իշխանություններին:
Հուլիսի 30-ին և 31-ին ավելի քան 72 000 մարդ, հիմնականում Մարոկկոյի քաղաքացիներ, ոտքով կամ լողալով Մարոկկոյից անցել են Սեուտա։ Նրանց մեծ մասը շուտով վերադարձել են կամ հետ են ուղարկվել։ Իսպանիայի կենտրոնական կառավարության տվյալներով՝ սեպտեմբերի սկզբին էքսկլավում մնացել է շուրջ 5000 միգրանտ։ Պաշտոնական տվյալներով՝ զանգվածային հոսքի ժամանակ զոհվել է առնվազն 91 մարդ։
Օգոստոսի վերջին Իսպանիան Բրյուսելին է դիմել արտակարգ օգնության խնդրանքով, ինչպես նաև խնդրել է մեծացնել ԵՄ-ի վերոնշյալ գործակալությունների կողմից աջակցությունը։
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Հեննա Վիրկունենը հայտարարել է. «Մենք ձգտում ենք պայքարել անօրինական միգրացիայի դեմ և ապահովել Սեուտայում անօրինականորեն գտնվող անձանց արագ վերադարձը»։
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ միջոցները կհատկացվեն Ապաստանի, միգրացիայի և ինտեգրման հիմնադրամից (AMIF), ինչպես նաև ԵՄ-ի Սահմանների և այցագրերի կառավարման ֆինանսական գործիքակազմից (Border Management and Visa Instrument (BMVI)։ Այդ գումարով, ի թիվս այլ բաների, պլանավորվում է ձեռք բերել ջերմացուցային տեսախցիկներ և հսկողության այլ տեխնոլոգիաներ։




























