ԳՅՈՒՄՐԻՆ ՊՈՒՏԻՆԻՆ ԴԻՄԱՎՈՐԵԼՈՒ Է ՀԱՎՈՒՐ ՊԱՏՇԱՃԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին Գյումրիում ասֆալտապատման լայնածավալ աշխատանքներ են ընթանում, եւ տեղեկություններ կան, որ այդ ամենը պայմանավորված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Գյումրի այցելության հետ: Երեկ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունները` ասելով, որ իրենք նպատակ ունեն հյուրերին հավուր պատշաճի դիմավորել:

-Պարո՛ն Բալասանյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ այցի շրջանակներում լինելու է նաեւ Գյումրիում: Գյումրին ինչպե՞ս է պատրաստվում այդ այցին:
-Այս տարվա ընթացքում Գյումրին բարձրաստիճան անձանց այցելությունների պակաս չունեցավ, եւ քաղաքի առօրյան բավական հագեցած էր այդ իմաստով: Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի այցին, ապա ասեմ, որ մենք պատրաստվում ենք «Ռուսաստան-Հայաստան, Մաքսային միություն» միջտարածաշրջանային ֆորումին, որը տեղի է ունենալու Գյումրի քաղաքում, եւ մասնակիցների ցանկը մինչեւ այս պահը դեռեւս հստակ չէ, իսկ այդ շրջանակներում այցելելու է արդյոք Ռուսաստանի նախագահը Գյումրի, թե ոչ՝ կարող է պատասխանել միայն վերջինիս ներկայացուցիչը: Ինչ վերաբերում է հայ-ռուսական ֆորումին, ապա ասեմ, որ այն բավական մեծ միջոցառում է, եւ մենք պարտավոր ենք ներկայանալ հավուր պատշաճի, ինչը եւ անում ենք:
-Ճի՞շտ են այն տեղեկությունները, որ նա հենց Գյումրու «Շիրակ» օդանավակայանում է վայրէջք կատարելու:
-Ես՝ որպես քաղաքապետ, պաշտոնապես դեռեւս չեմ ստացել ՌԴ նախագահի՝ Գյումրի այցի մասին որեւէ տեղեկություն, առավել եւս` Վլ. Պուտինի հնարավոր այցի երթուղուն ծանոթ չեմ:
-Արդյո՞ք Գյումրիում այս օրերին տեղի ունեցող ասֆալտապատումը հենց նրա այցի հետ կապված չէ:
-Մենք պատրաստվում ենք «Ռուսաստան-Հայաստան, Մաքսային միություն» միջտարածաշրջանային ֆորումին: Այո՛, ասֆալտապատման աշխատանքներ կատարվում են, եւ որպես քաղաքապետ՝ դա ինձ ուրախացնում է, քանի որ ոչ համայնքային բյուջեի հաշվին կատարվող ասֆալտապատման աշխատանքները մեզ հնարավորություն կտան եկող տարի ասֆալտապատել այլ փողոցներ, որոնք նախատեսված չէին: Ասեմ նաեւ, որ այս պահին հիմնանորոգվող փողոցներից քանդված ասֆալտը տեղափոխում ենք երկրորդային փողոցներ եւ այս կերպ մեղմացնում այդ փողոցների վատթար վիճակը:
-Այնուամենայնիվ, համառ լուրեր են շրջում, որ այդքան մեծ ծավալի ասֆալտապատումը հենց Պուտինի այցի պատվին է:
-Մեծ ծավալի ասֆալտապատում կատարվում է, եւ դրա նպատակը մեր հյուրերին հավուր պատշաճի դիմավորելն է:
-Արդյո՞ք ճոխություն չէ աղքատության նման վիճակում այդպիսի ասֆալտապատում իրականացնելը:
-Համայնքային բյուջեի հաշվին ասֆալտապատման վրա գումարներ չեն ծախսվում: Իսկ այն, որ Գյումրու փողոցները պետք է վերականգնել, միանշանակ է, քանզի քանդված ու վատ վիճակում գտնվող փողոցներով տնտեսություն չես զարգացնի եւ Ձեր նշած աղքատությունը չես մեղմի:
-Համառ լուրեր են շրջում, որ հնարավոր է՝ Գյումրին փակ, անցագրային ելումուտով քաղաք դառնա: Արդյո՞ք այդպես է լինելու:
-Նման լուրերը, իմ կարծիքով, աբսուրդի ժանրից են:
-Այնուամենայնիվ, Պուտինի այցը Գյումրի ի՞նչ է տալու:
-Եթե Վլ. Պուտինն այցելի Գյումրի, ապա դա մեծ իրադարձություն կլինի մեր քաղաքի կյանքում, քանզի նա համարվում է մեր ռազմավարական գլխավոր գործընկեր երկրի, աշխարհի ամենահզոր պետություններից մեկի առաջնորդը: Ռուսական կողմը բավական ներգրավված է մարզի եւ քաղաքի տնտեսական կյանքում, չմոռանանք, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազաները նաեւ սոցիալական որոշակի խնդիրներ են լուծում: Մի խոսքով, ես՝ որպես Գյումրու քաղաքապետ եւ ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու կողմնակից մարդ, Վլ. Պուտինի հավանական այցը մեր քաղաք գնահատում եմ շատ դրական:
-Չե՞ք կարծում, որ ՀՀ իշխանությունների՝ չափից ավելի ռուսամետությունն արդեն կործանարար է դառնում մեզ համար:
-Իմ խորին համոզմամբ՝ մեր արտաքին քաղաքականությունը չափից ավելի հայամետ է եւ տարվում է՝ մեր պետականության շահերից ելնելով:
Հ. Գ. Գյումրու «Շիրակ» օդանավակայանի տնօրեն Սեյրան Չուխաջյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյոք Պուտինի ինքնաթիռը պետք է վայրէջք կատարի Գյումրիում, ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց տեղեկությունները` ասելով, թե ինքն իրավունք չունի պատասխանել այդ հարցերին:

Զրուցեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ




Լրահոս