Թոփչյանն ու կինը, Կոնջորյանն ու Հայկ Սարգսյանը, ինչու է Փաշինյանը սաստել թիմակիցներին․ ինչ է գրում մամուլը
ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ում վերջին շրջանում լուրջ գործընթաց է սկսվել երկու անձի շուրջ՝ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջոյանի եղբոր՝ Ավետ Կոնջոյանի, և ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի։
Մեր տեղեկություններով՝ իշխանական վերնախավը որոշում է կայացրել մանրամասն ուսումնասիրել երկու անձանց վարքագծին առնչվող բոլոր հանգամանքները։ Հարցը նախ պետք է քննարկվի ՔՊ վերահսկող հանձնաժողովում, որտեղ, ըստ մեր աղբյուրների, կուսակցական կառույցը պետք է ուսումնասիրի առկա փաստերը, համադրի հանգամանքներն ու դրանից հետո որոշում կայացնի նրանց հետագա կարգավիճակի վերաբերյալ։
Իշխանական շրջանակներում, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, այս երկու անձինք արդեն դիտարկվում են որպես կուսակցության համար լուրջ գլխացավանք։ Պատճառը նրանց շուրջ վերջին շրջանում առաջացած սկանդալներն ու հանրային լայն արձագանք ստացած պատմություններն են։
Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ամբիոնից իր առաջին ելույթով խայտառակված ՔՊ-ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանը քաղաքական դաշտում, պարզվում է, նորեկ չէ։ Ընդամենը հինգ տարի առաջ նա բոլորովին այլ քաղաքական թիմում էր և ընտրողներին զգուշացնում էր պետականությունը կորցնելու ու «ծնկի գալու» վտանգի մասին։
Երեկ Վարդանյանը ԱԺ ամբիոնից պատմեց իր դպրոցական տարիներից մի դրվագ՝ ասելով, որ «մացեմածիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերը տաքացնում էր վառարանի վրա, որպեսզի կարողանա կավիճը բռնել ու խնդիր լուծել։ Ի դեպ, պատգամավորը խոսում էր ոչ թե «գրատախտակի մոտ գնալու», այլ հենց գրատախտակի գնալու մասին։
Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ աղբյուրները պնդում են, որ Գյումրու 102-րդ ռազմաբազայի թեման արհեստածին է, քանի որ այն Հայաստանի համար ռազմական պահեստ է, և 44-օրյա պատերազմի ժամանակ էլ է այդ զինտեխնիկան օգտագործվել։
«Արևմուտքի պահանջով՝ տաք ենք պահում թեման, բայց հաստատ այն հանելու հարց չենք դնի»,- ասաց պաշտպանական ոլորտի մեր աղբյուրը։
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանն ու թիմը, որ Բիշքեկից հետո հակառուսականությունը նվազեցրել էին, Ֆրանսիա այցից հետո նոր թափով են լծվել դրան, երեկ էլ Փաշինյանն ասաց․
«Մենք երբեք Հայաստանում գործող ռուսական ռազմաբազայի հարցը քննարկման չենք դրել, Ռուսաստանն է դրել քննարկման, և մենք դիրքավորվում ենք այդ քննարկման շուրջ»:
Էդուարդ Թոփչյանը և կինը՝ իրավապահների ուշադրության կենտրոնում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և նրա կինը հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում։
Թոփչյանի կինը՝ ջութակահար Ա. Ն.-ն, մոտ 3 շաբաթ առաջ հաղորդում է ներկայացրել իրավապահներին՝ ամուսնու կողմից ֆիզիկական բռնության ենթարկվելու մասին: Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։
Կինը պատմել է, որ 2024 թվականին ամուսինն իրեն պարբերաբար ծեծի է ենթարկել։ Սակայն ամուսինը որևէ կարգավիճակ չունի, քանի որ դատաբժշկական փորձաքննությամբ 24-ին կիրառված բռնությունների դեպքը չի հաստատվել։
«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք»․ Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը նախօրեին օդերով է հանել նորելուկ պատգամավորներին և ոչ միայն։ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք, ինչքա՞ն կարելի ա Ձեր ղալաթները ես մաքրեմ։ Մի՛ խոսացեք՝ դժվար ա՞»,- ասում են՝ վրդովված շեշտել է վերջինս ու թիմակիցներին զգուշացրել՝ կրկնվելու դեպքում դրան հաջորդելու են հետևանքներ»։




























