Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տույ»-ի աղմկահարույց գործը, արտահոսք ԱԺ-ից, նոր «սյուրպրիզներ» առաջիկայում. ինչ է գրում մամուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով․ «Ժողովուրդ»

Նոյեմբերի 11-ին լրանում է Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած աղմկահարույց սպանության 5-րդ տարին․ 2021 թ․-ի փետրվարի 11-ի գիշերը՝ 02։00-ի սահմաններում, սեփական տան տարածքում, այնտեղ ներխուժած անձանց կողմից արձակված կրակոցից սպանվեց ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը, պատասխան կրակոցից՝ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչ, Քանաքեռցի «Տույ» մականունով հայտնի Արթուր Ղազարյանը։ 2026 թ․-ի հոկտեմբերին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, Արտուշ Սիմոնյանի որդիներին և Արսեն Ալեքսանյանին դատապարտեց ազատազրկման՝ 8 տարի 6 ամիս ժամկետով։

Ու սա՝ չնայած այն փաստին, որ աղմկահարույց գործի դատավարության ընթացքում Սիմոնյանների պաշտպանների կողմից ներկայացված փաստերը ցույց են տալիս, որ ողբերգական պատմությունը սկսվել է Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի» ու նրան ուղեկցող անձանց կողմից Սիմոնյանների տուն գիշերային զինված ներխուժմամբ (տեսանյութը լայնորեն տարածվել է)։ Պաշտպանական կողմը պնդում է, որ Սիմոնյանների տուն մտած անձինք եկել էին գումար շորթելու նպատակով, ինչը հաստատվում է դատաքննության ընթացքում։

Առաջինը կրակել է Արթուր Ղազարյանը (Տույ), որի կրակոցից սպանվել է ընտանիքի հայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը, իսկ պատասխան կրակոցներից սպանվել է նաև Ղազարյանը։ Մինչդեռ 5 տարի շարունակ խոսվել է միայն «Տույ»-ի սպանության մասին ու կարծես թե ստվերվել է մարդկանց տուն ներխուժելու, Սիմոնյանների տանը կանանց և երեխաների ներկա գտնվելու, վերջիններից գումար շորթելու մտադրություն ունենալու և մի շարք այլ փաստերը։

Բացառիկ. ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմում մեկնարկած ծառայողական քննության հետևում, հնարավոր է, շատ ավելի լուրջ պատմություն է թաքնված, քան պարզապես պաշտոնյայի աշխատանքային պարտականությունների կատարման ուսումնասիրությունը։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսելու պատճառներից մեկը խորհրդարանից տարբեր բնույթի տեղեկատվության արտահոսքերի հետ կապված կասկածներն են։

Ինչպես նախօրեին գրել էր ArmLur.am-ը, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 6-ին կարգադրություն է ստորագրել վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու մասին։ Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ քննության նպատակն է պարզել պաշտոնյայի պարտականությունների կատարմանն ու գործունեությանն առնչվող հարցերը, ինչպես նաև ուսումնասիրել նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հիմքերի առկայությունը։ Քննությունն իրականացնելու համար ձևավորվել է հանձնաժողով, որին աշխատանքն ավարտելու համար տրվել է 20-օրյա ժամկետ։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պատմության հիմքում կարող են լինել խորհրդարանից տեղեկատվության արտահոսքերը։ Մասնավորապես, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ աշխատակազմում կասկածներ են առաջացել, որ խորհրդարանի ներսում շրջանառվող տարբեր բնույթի տեղեկություններ արտաքին շրջանակներին փոխանցվել են հենց Ռազմիկ Առաքելյանի միջոցով։ Մեր տեղեկություններով՝ աշխատակազմում ուսումնասիրություններ են իրականացվել, և ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք հիմք են տվել ենթադրելու, որ տեղեկատվական արտահոսքերի կազմակերպման հետ կարող է առնչություն ունենալ վարչության պետը։

Ըստ մեր աղբյուրների՝ այս կասկածներն էլ դարձել են ծառայողական քննություն սկսելու պատճառներից մեկը։ Հատկանշական է, որ Ռազմիկ Առաքելյանը վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2025 թվականի ապրիլի 9-ին՝ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ։

Ավելին՝ նշանակումը կատարվել է արտամրցութային կարգով։ Իսկ ընդամենը ամիսներ անց՝ 2025 թվականի սեպտեմբերի 16-ին, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ԱԺ նախագահի միջնորդության հիման վրա, նրան շնորհվել է պետական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ինչ է կատարվում ԱԺ-ի ծեծկռտուքի գործով․ «Ժողովուրդ»

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից 11 օր անց Գլխավոր դատախազությունը որոշեց ընթացք տալ միջադեպին։ Սակայն հարց է առաջանում՝ արդյոք այս քննությունը բոլորի՞ն է վերաբերում, թե՞ պատասխանատվության շրջանակն արդեն իսկ սահմանված է։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները ՔՊ պատգամավորներին, ըստ էության, «մեսիջ» են փոխանցել՝ հանգիստ եղեք, այս քրեական վարույթը ձեր դեմ չէ, քննության առարկա են դառնալու ընդդիմադիր պատգամավորների թիկնապահներ-օգնականների գործողությունները։ Այսինքն՝ ստացվում է, որ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի այս քրեական վարույթով ՔՊ-ի ակտիվ մասնակիցները կարող են անպատիժ մնալ, իսկ պատասխանատվության կենտրոնում հայտնվեն ընդդիմադիր պատգամավորների թիկնապահ-օգնականները. ինչպես բնորոշում է ՔՊ-ն։

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում

ՏԻՄ ընտրություններով համայնքներն ուզուրպացնող Նիկոլ Փաշինյանն առաջիկայում երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում՝ Աբովյան համայնքում, որտեղ գործող համայնքապետը Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահն է՝ Էդուարդ Բաբայանը, եւ Կապանում, որտեղ «Շանթ դաշինքով» առաջադրվել է Գեւորգ Փարսյանը։

Եթե Կապանում ՔՊ-ն «բլիժնի բոյ» է մտնելու Գեւորգ Փարսյանի հետ այլ արբանյակ ուժեր չկան, ապա Աբովյանում մի քանի «գրուպպա պադդերժկի» ունեն։ Ընտրությանը մասնակցելու համար 4 ուժ է առաջադրվել՝ իշխող ՔՊ-ն, Էդուարդ Բաբայանը «Գործարար» կուսակցության ցուցակով, Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, ՔԺԿ-ի՝ Լեւոն Շիրինյանի կուսակցության ցուցակով, եւ Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստանը», որի թեկնածուն Ռուբեն Բանուչյանն է` ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի ամուսնու եղբայրը։

«Իրավունք». Սյուրպրիզներ է, որ սպասվում են ԱԺ-ում

Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ Սահմանադրության նախագիծը վերջնական շտկումների փուլում է։ «Նոյեմբերի մինչև վերջ կգա ԱԺ, ու հենց էդտեղ ընդդիմադիներին սյուրպրիզներ է, որ սպասվում են»,-ասաց աղբյուրը չմանրամասնելով կոնկրետ ինչ սյուրպրիզի մասին է խոսքը։

«Փաստ». Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար

Վերջին շրջանում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բիզնեսի ներկայացուցիչները պարբերաբար բախվում են իրավապահ մարմինների կոշտ միջամտություններին։ Մասնավորաբար, կառուցապատողների նկատմամբ հարկային ստուգումներին զուգահեռ կիրառվող ուժային մեթոդները մտահոգիչ հարց են առաջացնում՝ որտե՞ղ է ավարտվում օրինական վերահսկողությունը և սկսվում բիզնեսի նկատմամբ ուժային տեռորը։

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս