ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՆՔ ՉՈՒՆԵՑԱ՞Ծ ՄԵՂՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մեղվաբույծների ազգային միության նախագահ Թելման Նազարյանի տվյալներով` այս տարին մեղրարտադրության տեսանկյունից բարեբեր էր. Հայաստանում մեղրի «բերքահավաքի» ընդհանուր ծավալը կազմել է 2000-2500 տոննա: Սակայն, ըստ Նազարյանի, այս ծավալը հազիվ է բավարարում ներքին սպառման պահանջը: Այդուհանդերձ, վերջերս Հայաստանը Եվրոպա մեղր արտահանելու իրավունք է ստացել, ու 2014-ից սկսվելու է այդ գործընթացը: Առայժմ, սակայն, պարզ չէ` ինչպես ենք արտահանելու, երբ Հայաստանում արտադրված մեղրի քանակը մեր սեփական պահանջարկն է մի կերպ բավարարում:

Նազարյանի խոսքով` անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով 2012թ. մեղրի արտադրությունը ՀՀ-ում կտրուկ նվազել է ավելի քան 10 անգամ: «Եթե ամեն տարի արտադրվում էր շուրջ 1000 տոննա մեղր, ապա անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել է 50-60 տոննա, ուստի արտահանման մասին խոսելը դեռ անիմաստ է: Այս տարի 2000-2500 տոննա մեղր կլինի, լավ տարի էր: Բայց, օրինակ, միայն Հոլանդիայի ներքին սպառման համար 7000 տոննա մեղր է անհրաժեշտ: Խեղճ Հայաստանն ի՞նչ անի Եվրոպային ձեռնունայն չթողնելու համար»,-մտահոգություն հայտնեց Նազարյանը:
Մինչդեռ Հայաստանի մեղրարտադրության մասին ՀՀ գյուղատնտեսության նախարարության (ԳՆ)՝ «Ժողովուրդ»-ին տրամադրած տվյալները բավական խոստումնալից են: Ըստ այդմ՝ ՀՀ-ում տարեկան արտադրվում է 3500-4000 տոննա մեղր կամ 1 շնչի հաշվով՝ 1 կգ-ից փոքր-ինչ ավելի: Համաձայն ՀՀ ԳՆ ձկնաբուծության եւ մեղվաբուծության բաժնի պետ Տիգրան Ալեքսանյանի տրամադրած տեղեկատվության՝ Հայաստանից տարեկան կարելի է արտահանել արտադրված մեղրի 10%-ը` 400-500 տոննա:
Ակնհայտ է, որ ԳՆ-ի տվյալները բացարձակ անհամատեղելի են ՀՀ մեղվաբույծների ազգային միության նախագահի տրամադրած տվյալների հետ: Վերջինս 2000 տոննա մեղր ստանալը լավ արդյունք համարեց, մինչդեռ ԳՆ տվյալներով` ՀՀ-ում տարեկան արտադրվում է դրա կրկնակին` 4000 տոննա:
Գուցե ԳՆ-ն իր նշած թվի մեջ նկատի է առել նաեւ շաքարավազի խառնուրդով պատրաստված մեղրանման զանգվածնե՞րը, որոնք պիտակավորված են որպես մեղր, սակայն իրականում բնական մեղրի հետ քիչ կապ ունեն:
«Ցավալիորեն հարկ է ընդգծել պետության կողմից վերահսկողության բացակայությունը մեղրի արտադրության ու իրացման շուկայում: Մեղրին տրվում է հավաստագիր, եւ գնորդն իրավունք ունի պահանջել այդ փաստաթուղթը վաճառողից: Սակայն պահանջում ու ժողովրդական բառով ասած «մանդրաժ» են ընկնում՝ հավաստագիր չկա մեղրի հետ: Կան միայն կեղծ մակնշումներ,-նշեց Նազարյանն ու եւս մի մտահոգիչ նկատառում առաջ բերեց,-հիմա սպասում ենք թելադրվող պայմաններին, երբ կսկսվի ժողովրդից մեղրի գնման գործընթացը: Դեռ որոշակի գին էլ չկա սահմանված: 3000 դրամից պակասը ձեռնտու չի լինելու խեղճ գյուղացուն, եւ, առհասարակ, մեր երկիրը դեռ պատրաստ չէ արտահանման. մեղրը հազիվհազ մեզ է բավարարում»:
Բացի մեղրի ծավալից ու որակից՝ խիստ հետաքրքրական է, թե որն է այն ճանապարհը, որով իրականացվելու է մեղի արտահանումը Եվրոպա. ԳՆ-ում այս հարցի պատասխանը չունեին. ընդամենը փոխարինող բացատրություն ունեին: «Հայաստանից Եվրամիության երկրներ մեղր արտահանելու թույլտվությունը դեռեւս առաջին փուլն է: Դրան հաջորդելու է արտահանվող մեղրի տվյալ չափաքանակի փորձաքննության արդյունքների հիման վրա տրված հավաստագիրը, որում մեղրի որակական ցուցանիշները պետք է համապատասխանեն Եվրամիության դիրեկտիվներով սահմանված չափորոշիչներին»,-ասաց Տիգրան Ալեքսանյանը:
Իսկ ՀՀ մեղվաբույծների ազգային միության նախագահի ներկայացմամբ` Հայաստանից մեղրի արտահանումն իրականացվելու է ոչ թե այն պատճառով, որ մենք մեղրարտադրության հսկայական ծավալ ունենք կամ միջազգային ասպարեզում մեծ հռչակ, այլ որովհետեւ Եվրոպան անցած եւ նախանցած տարիներին մեղուների մեծ անկում է գրանցել եւ մեղրի կարիք ունի. «Մեղուների շուրջ 60 տոկոս անկում է տեղի ունեցել ողջ Եվրոպայում, հետեւաբար առաջացել է մեղրի պահանջ, ու քանի որ Հայաստանը ԵԽ անդամ է, նաեւ մեր երկրի առաջ է դրվել եվրոպացիներին մեղրով ապահովելու պահանջը»:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս