Կոպիրկինի հեռանալը, Հայկ Սարգսյանի ճակատագիրն ու Փարսյանի որոշումը. ինչ է գրում մամուլը
Սեպտեմբերի 22-ի մամուլը գրում է
Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հանրային առողջության պահպանման պատասխանատուները կարծես աշխատում են ոչ թե «կանխարգելել», այլ «դեպքից հետո արձագանքել» սկզբունքով։ Սա պարզվեց նաև Ծավ գյուղի թունավորման դեպքով պայմանավորված, երբ հայտնի դարձավ, որ վերջին նմուշառումն այդ գյուղում արվել է 2024 թ.։
Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հենց անվան մեջ կա «կանխարգելում» բառը։ Կենտրոնի պաշտոնական գործառույթների թվում էլ հստակ նշված է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, զանգվածային հիվանդացության ու թունավորումների կանխարգելումը։
ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենը Ստեփան Աթոյանն է, իսկ կառույցի լիազոր մարմինը Առողջապահության նախարարությունն է, որտեղ այս ոլորտը համակարգում է փոխնախարար Լենա Նանուշյանը։ Սակայն վերջին ամիսների իրադարձությունները տրամաբանական հարց են առաջացնում՝ որտե՞ղ է կանխարգելումը։
Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ կրքերը ՔՊ-ում դեռ չեն հանդարտվել։ Սարգսյանը, հիշեցնենք, հրապարակային քննադատության էր ենթարկել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նրան մեղադրելով խաղատնային բիզնեսին հովանավորելու և այդ ոլորտի շահերին սպասարկող օրենսդրական նախաձեռնություններ առաջ տանելու մեջ։ Ասել է թե՝ համարձակվել է խոսել ներքին խնդիրներից։
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ հենց այսօր Հայկ Սարգսյանի հարցը կուսակցության ներսում վերջնական հանգուցալուծում ստանա։ Մեր տեղեկություններով՝ քննարկվում է երկու տարբերակ։ Առաջինի դեպքում Սարգսյանը կհրավիրվի ՔՊ վերահսկող հանձնաժողով, որտեղ նրանից պարզաբանումներ կպահանջեն հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ, ինչից հետո հանձնաժողովը համապատասխան որոշում կկայացնի կամ առաջարկություն կներկայացնի վերնախավին։
«Հրապարակ». Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը
Մենք տեղեկացանք, որ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, որոշել է «Շանթ դաշինք»-ով մասնակցել Սյունիքի ՏԻՄ ընտրություններին: Մեր աղբյուրի խոսքով՝ այս ուժը կառաջադրվի Կապանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Նրանց համայնքապետի թեկնածուն, ըստ ամենայնի, կրկին կլինի Գևորգ Փարսյանը, որը նախորդ ընտրություններին մասնակցել և հաղթել է «Շանթ դաշինքի» կողմից առաջադրվելով:
2021 թվականի տեղական ընտրությունների ժամանակ այս դաշինքը բավականին ակտիվ է եղել և Սյունիքի որոշ համայնքներում մասնակցել է և բավականին շատ ձայներ ստացել՝ ավագանիների կազմում խմբակցություններ ձևավորելով, ուստի այս անգամ էլ է որոշել մասնակցել ընտրություններին:
«Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են
«Հրապարակ» թերթը գրում է. «Կրկին ակտիվացել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին փոխելու մասին խոսակցությունները։ Ըստ մեր աղբյուրների՝ ՌԴ-ն դեսպանի թեկնածուի փնտրտուքի մեջ է, որպեսզի մինչև հունվար Կոպիրկինը հրաժեշտ տա Հայաստանին։
Առհասարակ, և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում նրան համարում են ՌԴ ամենաանհաջող դեսպանը, որ երբևէ աշխատել է Հայաստանում: Պատճառն այն է, որ 2018 թվականի ապրիլին նշանակված դեսպանը չի կարողանում ո՛չ Հայաստանի իշխանությունների հետ համագործակցային հարաբերություններ հաստատել, ո՛չ անգամ պրոռուսական գործիչների հետ սերտ կապ պահել: Համարում են, որ նա իր մեղքի բաժինն ունի, որ Հայաստանում այսքան ծաղկում են հակառուսական տրամադրությունները։
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































