«Ժողովուրդ». Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՊՆ N զորամասում պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ի մահվան դեպքով իրավապահները մի քանի վարկած են քննում՝ պարզելու, թե ինչ հանգամանքներ կարող էին հանգեցնել զինծառայողի այդ քայլին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննության շրջանակում ուսումնասիրվում են զինծառայողի անձնական կյանքի և հնարավոր խնդիրների վերաբերյալ տարբեր հանգամանքներ։ Մասնավորապես, վարույթի ընթացքում տեղեկություններ են ի հայտ եկել, որ նա նախկինում անցել է թմրանյութերի հետ կապված վարույթով, ինչպես նաև ունեցել է պարտքերի և առցանց խաղերի հետ կապված խնդիրներ։ Իրավապահները, սակայն, դեռևս չեն հաստատում, որ նշված հանգամանքներից որևէ մեկն ուղղակիորեն կապված է զինծառայողի մահվան հետ։
Դեպքից առաջ զինծառայողի վարքագիծը նույնպես ուսումնասիրվում է։ Մեր տեղեկություններով՝ հարցաքննվել են նրա ծառայակիցները, որոնք նշել են, որ դեպքից առաջ նա եղել է հանգիստ և իրենց համար որևէ արտառոց վարքագիծ չի դրսևորել»։
«Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 25-ին Սյունիքի մարզում սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ ուշագրավ որոշում է կայացվել։ ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 1-ից 14-ը ներառյալ արձակուրդում է լինելու։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ մարզում սպասվելիք ընտրությունների ողջ պատասխանատվությունը «դրվել» է Ռոբերտ Ղուկասյանի վրա։ Փաշինյանը չի հանդուրժելու, եթե մարզպետը չհաջողի ընտրություններում հաղթանակ ապահովել։ Ու դա է պատճառը, որ մարզպետը քարոզարշավի ընթացքում արձակուրդում է լինելու։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Սյունիքում քվեարկություն է նախատեսված Գորիս և Մեղրի համայնքներում, և երկու համայնքներում էլ ընտրությունները լինելու են համամասնական ընտրակարգով։
Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ եթե ՔՊ-ն վստահ է, որ Գորիսում Առուշ Առուշանյանը կկարողանա իրենց համար լուրջ արդյունք ապահովել, ապա Մեղրիի դեպքում տարակուսած են, քանի որ այն թեկնածուն, ով կարող էր հաղթանակ ապահովել՝ Խաչատուր Անդրեասյանը, այժմ կալանքի տակ է»։
«Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր․ ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի բնակիչները երեկ հայտնվեցին մի իրավիճակում, որը վաղուց պետք է լիներ ոչ թե սոցիալական ցանցերի քննարկման, այլ պետական մարմինների օպերատիվ արձագանքի առարկա։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներից քաղաքացիները հրապարակում էին տեսանյութեր, որտեղ իրենց ծորակներից հոսող ջուրը սովորական խմելու ջրի տեսք չուներ՝ պղտոր, գունափոխված, որոշ դեպքերում նաև տհաճ հոտով։
Արդյունքը սպասելի էր․ քաղաքացիների մի մասը շտապեց խանութներ՝ շշալցված ջուր գնելու։ «Ժողովուրդ»-ը նկատել է, որ ամբողջ Երևանում ջրի հերթեր են, դատարկվող դարակներ, անհանգստացած մարդիկ․ սա արդեն պարզապես հերթական վթարային ջրանջատման պատմություն չէր, այլ հանրային անվտանգության և վստահության լուրջ խնդիր»։
«Հրապարակ». Ծովինար Թադևոսյանը պատժում է անհնազանդներին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանը վերանշանակվելուց հետո ոչ միայն ամրապնդել է դիրքերը, այլեւ պայքար է սկսել անհնազանդ ենթակաների դեմ՝ նրանց, որոնք իր հրահանգներն անառարկելիորեն չեն կատարում։
Աշխատանքային անհամատեղելիության պատճառով պաշտոնից ազատվել է ՔԿԾ պետի տեղակալ Վարդգես Ծաղիկյանը, որը Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մորաքրոջ որդին է։ Ազատել է նաեւ «Արթիկ» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանին, որը համակարգի հնաբնակներից է համարվում։
Սկզբում նրա նկատմամբ ծառայողական քննություն նշանակեցին, իսկ օրերս ազատել են աշխատանքից։ Մեր աղբյուրներն ասում են, որ Ղազարյանը դիմել է դատարան՝ վիճարկելով պետի որոշումը»։
«Հրապարակ». Պաշտոնը «ժառանգություն է թողնելու»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027 թ. փետրվարի 9-ին։ Թվում էր՝ արդեն նոր նախագահի թեկնածուների անուններ պետք է շրջանառվեին, սակայն դատական համակարգի մեր աղբյուրը պատմում է, որ պաշտոնը լքել պատրաստվող Լիլիթ Թադեւոսյանը առաջադրումների «դեմն առել է»՝ փակելով թեկնածուների մասին խոսակցությունները։
Մեզ ասացին, որ անունները կսկսեն շրջանառվել հունվարից, եւ Թադեւոսյանն ինքն է պատրաստվում ընտրել թեկնածուներին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նա պատրաստվում է պաշտոնը «ժառանգություն թողնել» յուրայինի։
Ըստ օրենքի՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ Վճռաբեկ դատարանի կազմից նոր նախագահին պետք է ընտրի Ազգային ժողովը»։
Մանրամասները՝ տեսանյութում․




























