Հռոմի պապ Լևոն XIV-ը այսօր ժամանել է Ֆրանսիա՝ 18 տարվա ընթացքում երկրի առաջին պաշտոնական պապական այցի շրջանակում։ Քառօրյա այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Ֆրանսիայի ղեկավարության, Եվրամիության ներկայացուցիչների և կաթոլիկ եկեղեցում սեռական բռնության ենթարկված անձանց հետ։
Պապին Փարիզի Օրլի օդանավակայանում դիմավորել են Ֆրանսիայի իշխանությունները։ Ֆրանսիայի եպիսկոպոսների համաժողովի նախաձեռնությամբ երկրի եկեղեցիների զանգերը յոթ րոպե հնչել են՝ որպես այցի մեկնարկը նշող խորհրդանշական արարողություն։
Լևոն XIV-ը Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ելույթ կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ անդրադառնալով արհեստական բանականությանը և համաշխարհային խաղաղությանը, ինչպես նաև կմասնակցի Նոտր Դամի տաճարում կազմակերպվող արարողությանը։
Շաբաթ օրը նախատեսված է մեծ բացօթյա պատարագ Փարիզի Կոնկորդի հրապարակում և Ելիսեյան դաշտերում։ Ֆրանսիայի իշխանությունները միջոցառմանը և հարակից տարածքներում ակնկալում են շուրջ 600 հազար մարդու մասնակցություն։ Ընդհանուր առմամբ, պապի երկօրյա այցի ընթացքում Փարիզում սպասվում է մոտ մեկ միլիոն ուխտավոր և այցելու։
Փարիզից հետո Լևոն XIV-ը կմեկնի Լուրդ՝ կաթոլիկների համար կարևոր ուխտագնացության կենտրոն։ Այնտեղ նա կհանդիպի եկեղեցում սեռական բռնության ենթարկված յոթ անձանց, որոնք բռնության են ենթարկվել մանկության կամ հասուն տարիքում։
2021 թվականին հրապարակված զեկույցի համաձայն՝ Ֆրանսիայում եկեղեցու ներկայացուցիչների կողմից շուրջ 70 տարվա ընթացքում սեռական բռնության է ենթարկվել մոտ 330 հազար երեխա։ Զոհերի մի մասը պապի հետ հանդիպումը կարևոր քայլ է համարում, սակայն ակնկալում է նաև եկեղեցու կողմից կոնկրետ գործողություններ։
Այցի վերջին փուլում՝ երկուշաբթի օրը, Հռոմի պապը Մեցում ելույթ կունենա ԵՄ առաջնորդների առջև։ Նրա ելույթի թեման է «Եվրոպայի արմատներին՝ հանուն խաղաղության և միասնության»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պապական պատարագներին չի մասնակցի։ Նրա փոխարեն Փարիզի մեծ բացօթյա պատարագին ներկա կլինեն վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն և Մակրոնի կինը՝ Բրիջիտ Մակրոնը։
Ֆրանսիայում պապի այցի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 27 միլիոն եվրո, որի հիմնական մասը, ըստ հաղորդագրության, կհոգա կաթոլիկ եկեղեցին՝ նվիրատվությունների միջոցով։
Անի Վարդանյան
























































































