Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեկան աշխարհում իրավիճակը, Աղազարյանի գործով վկայի փախուստը, զինվորների ծնողները. ինչ է գրում մամուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հարուցված գործի դատական գործընթացում բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գործի համար կարևորագույն վկա համարվող Արամ Մկրտչյանը այս պահին գտնվում է փախուստի մեջ և դատարանում չի ներկայացել այն ցուցմունքները տալու, որոնք, ըստ գործի տրամաբանության, պետք է էական նշանակություն ունենային մեղադրանքի հանգամանքները պարզելու համար։

Ավելին՝ մեր տեղեկություններով՝ իրավապահ մարմինները, չնայած նրա՝ որպես գործի կարևորագույն վկայի կարգավիճակին, փաստացի չեն ապահովել նրա ներկայությունը դատական գործընթացում։ Արդյունքում ստեղծվել է բավական տարօրինակ իրավիճակ. այն մարդը, որի խոսքերն ու փոխանցած տեղեկություններն առանցքային նշանակություն ունեն գործի մի շարք դրվագների համար, դատարանում չկա, սակայն նրա անունը շարունակաբար հնչում է։

«Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հանրության հետ շփվելու նոր ձևաչափ է մշակել։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը մտադիր է շաբաթ և կիրակի օրերին անակնկալ այցեր իրականացնել Երևանի տարբեր վարչական շրջաններ, ինչպես նաև մարզերի քաղաքներ ու գյուղեր՝ տեղում քաղաքացիների տրամադրություններն ու առկա խնդիրները հասկանալու համար։

Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ Փաշինյանը թիմակիցներին անակնկալ հայտնում է, որ պատրաստվում է գնալ որևէ վարչական շրջան կամ բնակավայր, իսկ ցանկացող ՔՊ-ականներն էլ միանում են նրան։ Այսինքն՝ այցերը նախատեսվում է իրականացնել առանց մեծ միջոցառումների, նախապես հայտարարված հանդիպումների կամ բազմամարդ հավաքների։

Մեր տեղեկություններով՝ այս ձևաչափի առաջին «փորձարկումը» տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Արաբկիր վարչական շրջանում։

«Ժողովուրդ». ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով 2–րդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի երկրորդ հանրային լսումը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկվա լսումը ևս երկար չի տևել՝ մոտավորապես 10 րոպե։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման շրջանակում սեփականատերերի կողմին, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունների ներկայացուցիչներին, պատշաճ իրազեկում է իրականացվել՝ լսմանը մասնակցելու համար։

Սակայն, ըստ մեր տեղեկությունների, Սամվել Կարապետյանի կողմի որևէ ներկայացուցիչ չի ներկայացել և չի մասնակցել քննարկմանը։ Արդյունքում, շուրջ 10 րոպե արձանագրումներից հետո, լսումն արագ ավարտվել է։

«Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը մեզ պատմեց, որ օրերս ՊՆ-ից իրենցից մի քանիսը զանգեր են ստացել: ՊՆ ներկայացուցիչը ծնողներին հարցուփորձ է արել, թե որ ծնողն ունի իր անունով բնակարան, որը՝ ոչ:

Մեր զրուցակիցն ասաց՝ խոսակցություններ կան, որ իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները մի քանիսին բնակարանով ապահովել, քանի որ այս տարիներին անհետ կորածների հետ կապված՝ պետությունը որեւէ հստակ քայլ չի արել, եւ պաշտպանության նախարարն այս 6 տարվա ընթացքում անգամ չի կարողացել հստակեցնել, թե իրենց որդիներից քանիսն է մահացել, քանիսն է գերության մեջ: Իսկ իրենց վիճակն ամենածանրն է մյուսների զավակները գոնե գերեզման ունեն, որին այցի են գնում ծնողները, իրենք դրանից էլ են զրկված: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՊՆ խոսնակից, բայց նա զանգերին չպատասխանեց:

«Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավապահներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ այս օրերին ուժեղացված հսկողություններ են իրականացվում օրենքով գողեր Զապի եւ Օշական Գեւորիկի շրջապատներին մոտ կանգնած անձանց տների մոտ։ Ասում են՝ Զապի փեսա Էդգարին չի ներվելու երկու օրենքով գողի փաստացի փուռը տալու համար։ Ըստ տարածված լուրերի քրեական աշխարհը Զապի փեսայից աչյոտ ունի ստանալու»։

«Փաստ». Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել»

«Փաստ» թերթը գրում է. «Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի չորրորդ մասը, որի աշխատանքներին մասնակցում են նաև ընդդիմադիրները, մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը, «Հայաստան» խմբակցությունից՝ Լևոն Քոչարյանը:

Երեկ կարևոր օր էր, քանի որ քննարկվում էր ուղղակիորեն Հայաստանին վերաբերող հարց, այն է՝ հունիսին կայացած ԱԺ հակաժողովրդավարական, ռեպրեսիաներով ու մրցակիցների թիրախային կալանավորումներով ուղեկցված, ձայների հաշվարկի ժամանակ ուղղակի աղաղակող «նկարչությամբ» աչքի ընկած ընտրությունները:




Լրահոս