ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։
Ողջունելով հյուրին՝ Արամ Վարդևանյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ։ Դեսպանը ևս համոզմունք է հայտնել, որ համագործակցությունը կլինի արդյունավետ։
ԱԺ նախագահի տեղակալը երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին ընդունած բանաձևի համար, որով կոչ է արվում նաև անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։
Նա բարձր է գնահատել ԵՄ-ի և պատվիրակության ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերի ուղղությամբ։ Արամ Վարդևանյանն ընդգծել է, որ հայ հասարակությունը կարևորում է եվրոպական արժեքները՝ վերահաստատելով վստահությունը եվրոպական ինտեգրման գործընթացի նկատմամբ և այն որակել առաջնահերթություն։
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ ԱԺ փոխնախագահը դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և իրավունքի գերակայության առջև առկա մարտահրավերները։ Անդրադարձ է կատարվել տնտեսական, օրենսդրական, խորհրդարանական համագործակցությանը։




























