Առաջիկա 1 ամսվա ընթացքում Հայաստանը ստորագրելու է Միասնական տնտեսական միությանն անդամակցելու փաստաթուղթը: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Զաքարյանն ասաց, թե այդ փաստաթուղթը դեռ նախապատրաստման փուլում է: Լրագրողների այն հարցին, թե հնարավոր է այդ փաստաթուղթն էլ ունենա Մաքսային միությանն անդամակցելու փաստաթղթի ճակատագիրը, նա ոչինչ չբացառեց.
«Քաղաքականության մեջ միշտ 100%-ի էֆեկտ չի կարելի ակնկալվել, դա կախված է բազմաթիվ գործոններից, ոչ միայն Հայաստանից: Եթե առաջանա իրավիճակ, որը հակասի Հայաստանի շահերին, Հայաստանը կարող է նաև ընդունել այլ որոշում»:
Զաքարյանը նաև նշեց, որ փաստաթղթի ստորագրման դեպքում Հայաստանը կլինի միության հիմնադիր անդամ, որտեղ որոշումները կայացվում են կոնսենսուսով։
Այն դիտարկմանը, թե Բելառուսն ու Ղազախստանը չեն ցանկանում, որ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը, Զաքարյանը չհամաձայնեց, ապա նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը նույն մոտեցմամբ է առաջ գնում, «և-և»-ի քաղաքականությունն է:
«Մենք փորձելու ենք ԵՄ հետ գտնել այն ընդունելի տարբերակը, որը հնարավորություն կտա Հայաստանին շարունակել իր հանձնառություններն ու համագործակցությունը ԵՄ հետ», – ընդգծեց նա: