Armenian text to speach

Իսրայելի բանակը հայտնել է հոկտեմբերի 7-ի հարձակման նախապատրաստման մասնակից, ՀԱՄԱՍ-ի հրամանատարի վերացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ), ներքին անվտանգության «Շին Բեթ» ծառայության հետ, հարված է հասցրել Գազայի հատվածի հարավում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թևի բարձրաստիճան հրամանատարի ուղղությամբ։ Պաղեստինյան խմբավորումը հաստատել է Ռաֆահում բրիգադի հրամանատար Սամիր Աբու Յունիսի զոհվելու փաստը, հայտնում է AFP-ն։

Պաղեստինյան աղբյուրների տվյալներով, հարվածը հասցվել է շաբաթ օրը՝ Խան Յունիսից արևմուտք գտնվող Ալ Մավասի շրջանում։ Գազայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ներկայացուցիչ Մահմուդ Բասալը AFP-ին հայտնել է, որ ծառայությունը ստացել է 53-ամյա հրամանատարի մարմինը։ Հարվածի հետևանքով տուժել է ևս երկու մարդ։

Համատեղ հայտարարության մեջ ՑԱՀԱԼ-ը և «Շին Բեթ»-ը հայտնել են, որ հարվածել են ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի բարձրաստիճան ներկայացուցչի՝ առանց նրա անունը նշելու։ Ավելի ուշ շարժման զինված թևը՝ «Իզզ ադ Դին ալ Կասամի բրիգադները», հաստատել է Աբու Յունիսի մահը։

Telegram-ում հրապարակված հայտարարության մեջ կազմավորումը նրան անվանել է առանցքային հրամանատարներից մեկը, որը մասնակցել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման պլանավորմանն ու ղեկավարմանը։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով, Աբու Յունիսը շարժման ռազմական թևին է միացել 1991 թվականին և Ռաֆահում զբաղեցրել մի շարք ղեկավար օպերատիվ պաշտոններ՝ նախքան տեղական բրիգադը գլխավորելը։

Հարվածը տեղի է ունեցել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև 2025 թվականի հոկտեմբերին ուժի մեջ մտած հրադադարի պայմաններում, որի շնորհիվ էապես կրճատվել է մարտական գործողությունների ծավալը, սակայն չի դադարեցվել Գազայի հատվածին իսրայելական հարվածները։

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, հրադադարի սկզբից զոհվել է ավելի քան 1600 պաղեստինցի։ Իսրայելական զինվորականներն իրենց հերթին հայտնել են նույն ժամանակահատվածում հինգ զինծառայողների զոհվելու մասին։




Մամուլի Տեսություն

Լրահոս