ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը դեռ մի քանի օր է, ինչ զբաղեցնում է այդ պաշտոնը, սակայն նրանից դժգոհողների թիվն օրեցօր աճում է:
Ըստ տարբեր տեղեկությունների՝ նախարարի թիկնապահներն արդեն հասցրել են իրենց ղեկավարի համար հնարավորինս ապահով դարձնել նախարարությունը: Լուրեր են շրջանառվում նաև այն մասին, որ այդ նույն թիկնապահներն ապտակել են նախարարության երկու աշխատակցի միայն նրա համար, որ աշխատանքային ժամին շրջել են նախարարության միջանցքներով:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր լրագրողներին առաջարկեց ընդամենը 10 օր շրջել նախարարությունում և տեսնել, թե քանի թիկնապահ ունի և ինչ է անում:
«Դուք ինքներդ կզգաք, թե ես քանի թիկնապահ ունեմ, թե արդյոք թիկնապահները հարվածում են աշխատողներին, գումար պահանջում են, չեն պահանջում,»- նշել է նա:
Այն հարցին, թե Ֆինանսների նախարարության ու ՊԵԿ-ի միացումն արդյոք պայմանավորված էր միայն իր անձով, նա նախ հերքեց դա, ապա խորհուրդ տվեց մի փոքր սպասել և տեսնել, թե հանրությունն ինչ շահեց դրանից: