Armenian text to speach

Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սպասվող ՏԻՄ ընտրություններում ամենաինտրիգային համայնքներից մեկը Սևանն է, որտեղ երեք թեկնածուների պայքարն աստիճանաբար վերածվում է գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի դեմ համատեղ հակաքարոզչության։ Եվ ՔՊ-ն, և Վահրամ Գևորգյանը ունեն մեկ ընդհանուր թիրախ՝ գործող համայնքապետը։

ՔՊ-ի թեկնածու Սուրեն Գրիգորյանը քարոզարշավի ընթացքում շրջում է համայնքով, գտնում կիսաքանդ շինություններ ու խոստանում՝ եթե ընտրեք ՔՊ-ին, դրանք կկառուցենք։ Այսինքն՝ համայնքի զարգացման հեռանկարն ուղղակիորեն կապվում է իշխանության թեկնածուի հաղթանակի հետ։

Սակայն ավելի հեռուն է գնացել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է. «Կրկին եկել եմ ձեր դուռը։ Ընտրեք ՔՊ-ին, որ համայնքին ավելի շատ ուշադրության արժանանա։ Գործող համայնքի ղեկավարի հետ մեր համագործակցությունը չի ստացվել, ընտրեք մեզ, այլ կլինի»։

Սա, ըստ էության, ինքնախոստովանական հայտարարություն է։ Մարզպետը բաց տեքստով ընդունում է իր փաստացի անգործությունը կամ գուցե հանցանքը, որ գործող համայնքապետի հետ հարաբերությունները չեն ստացվել անցած տարիներին, և այդ հանգամանքը անդրադարձել է համայնքի նկատմամբ պետական ուշադրության վրա։ Հիմա հարց է առաջանում. Ի՞նչ երաշխիք, որ մյուս թեկնածուն էլ մի օր որոշեց չենթարկվել մարզպետին, էլի պիտի սևանցին տուժի՞։ Կարեն Սարգսյանը թերևս չի գիտակցում, որ մարզպետը պարտավոր է աշխատել մարզի բոլոր համայնքապետերի հետ՝ անկախ նրանց նկատմամբ իր վերաբերմունքից, անձնական կամ քաղաքական հարաբերություններից՝ հանուն բնակիչների բարօրության։

Նկատենք, որ ՔՊ թեկնածու Սուրեն Գրիգորյանի և Կարեն Սարգսյանի կենսագրություններում ամեն դեպքում որոշակի ընդհանրություններ կան․ երկուսի՝ Հայաստանում քաղաքական ու կարիերան սկսվում է 2018-ից, իսկ մինչ այդ երկուսն էլ Ռուսաստանում են ապրել։ Փաշինյանի խոսքերով ասած՝ խոպանչիներ են եղել։

Մյուս կողմից՝ գործող համայնքապետի քննադատությամբ ՔՊ-ից հետ չի մնում նաև Վահրամ Գևորգյանը՝ Սարգիս Մուրադյանի նախկին ընկերը։ Ծովագյուղի Վահրամը, որ խոշոր գործարար է, գազալցականներ ու ֆուդկորտ է աշխատեցնում, իր նախկին ընկերոջը մեղադրում է, որ համայնքապետարանում կան աշխատակիցներ, որոնք աշխատանքի չեն ներկայանում, բայց աշխատավարձ են ստանում։

Այս խոսքերից հետո Վահրամ Գևորգյանը ստիպված է լինելու քննչականում ցուցմունք տալ իր նախկին ընկերոջ դեմ, իսկ եթե տարիներ շարունակ տեղյակ է եղել, ապա անխուսափելիորեն կպատժվի՝ հանցանքի մասին իմանալ չհայտնելու համար։ Ի դեպ, Վահրամ Գևորգյանը բանակում չի ծառայել, բայց չի զլանում հայրենասիրության դասեր տալ քարոզարշավի շրջանակներում։

Իսկ Սևանի գործող քաղաքապետը՝ Սարգիս Մուրադյանը, այս ընթացքում փորձում է ամրապնդել դիրքերը՝ դիմակայելով միաժամանակ երկու ուղղությունից եկող քննադատությանը։ Բայց անում է լուռ՝ 4-րդ համարի քվեաթերթիկը գովազդելով։

Սևանի ընտրությունների գլխավոր ինտրիգը, սակայն, ձայների հնարավոր բաշխումն է։ Տարբեր քաղաքական գնահատականների համաձայն, հետընտրական կոալիցիա ձևավորելու անհրաժեշտություն է լինելու, ու այստեղ հարցը շատ ավելի հետաքրքիր է դառնում. Սևանում կհաղթի՞ ՔՊ-ն, թե՞ ընկերությունը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Մամուլի Տեսություն

Լրահոս