Չինաստանի Շենժեն քաղաքում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի պատմական առաջին եռակողմ հանդիպումը։ Բանակցություններն անցկացվել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակում։
Հանդիպման ընթացքում երեք առաջնորդներն անդրադարձել են միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը, Ուկրաինայի և Իրանի պատերազմներին, միջուկային զինաթափմանը, էներգետիկ անվտանգությանը և գերտերությունների միջև համագործակցության հնարավորություններին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեք երկրները, ունենալով աշխարհում միջուկային զենքի ամենամեծ պաշարները, առանձնահատուկ հնարավորություն ունեն քննարկելու միջուկային սպառազինությունների հարցը։ «Մենք պատմություն ենք կերտում»,– ասել է նա՝ ընդգծելով, որ երեք պետությունները մեծ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության պահպանման հարցում։
Թրամփը նաև նշել է, որ նախկին առաջնորդները հաճախ խուսափել են տարաձայնություններ ունեցող երկրների ղեկավարների հետ բանակցություններից, սակայն խաղաղության հասնելու հնարավորություններից հրաժարվելը ճիշտ մոտեցում չէ։ Նրա օրակարգում են եղել նաև Ուկրաինայի և Իրանի պատերազմները։ Հանդիպման ընթացքում նա քննադատել է Միջազգային քրեական դատարանը՝ այն անվանելով «համաշխարհային գլոբալիստական կազմակերպություն» և հայտարարել, որ ցանկանում է Ռուսաստանի ու Չինաստանի աջակցությունն ստանալ այդ կառույցի դեմ իր դիրքորոշման հարցում։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդիպումն անվանել է պատմական նշանակության իրադարձություն՝ կոչ անելով երեք երկրներին դառնալ գործընկերներ և ընկերներ՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի ու խաղաղ համակեցության վրա։
Նա ընդգծել է, որ խոշոր տերությունները պետք է հարգեն միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և չհատեն միմյանց կարմիր գծերը զգայուն հարցերում։ Սին նաև կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածելակերպից, չգնալ տնտեսական տարանջատման և պահպանել միջազգային մատակարարման շղթաների կայունությունը։
Չինաստանի առաջնորդն առանձնահատուկ անդրադարձել է Թայվանի հարցին՝ ԱՄՆ-ին կոչ անելով ճիշտ քայլեր ձեռնարկել՝ չին-ամերիկյան հարաբերություններում լուրջ խնդիրներից խուսափելու համար։ Նա նաև առաջարկել է ամրապնդել երեք երկրների համագործակցությունը գլոբալ էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ։
Միջուկային սպառազինությունների հարցում Սի Ծինփինը հայտարարել է, որ միջուկային զենքը պետք է ամբողջությամբ արգելվի և ոչնչացվի՝ ընդգծելով, որ միջուկային պատերազմը հաղթել հնարավոր չէ, և այն չպետք է տեղի ունենա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին նշել է, որ երեք պետությունները կառուցողական համագործակցության միջոցով կարող են նպաստել միջազգային կայունության ամրապնդմանը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթող պետություններն են եղել, և այդ հանգամանքը նրանց վրա լրացուցիչ պատասխանատվություն է դնում միջազգային խաղաղության պահպանման հարցում։
Պուտինի ելույթում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Ուկրաինայի պատերազմը։ Նա հայտարարել է, որ այդ հարցում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ընդհանուր շահեր ունեն՝ հղում անելով նաև Թրամփի հետ վերջին քննարկումներին։ Ռուսաստանի նախագահն առաջարկել է քննարկել նաև գլոբալ և տարածաշրջանային խնդիրներն ու էներգետիկ անվտանգությունը։
Երեք առաջնորդների հրապարակային ելույթներից հետո բանակցությունները շարունակվել են փակ դռների հետևում։ Հանդիպման պաշտոնական օրակարգն ամբողջությամբ չի հրապարակվել, իսկ բանակցությունների արդյունքում որևէ կոնկրետ համաձայնության կամ համատեղ որոշման մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել։
Այսպիսով, Թրամփի համար հանդիպման առաջնահերթություններից են պատերազմների կարգավորումն ու միջուկային զինաթափումը, Պուտինի համար՝ Ուկրաինայի հարցն ու Ռուսաստանի միջազգային դիրքերը, իսկ Սի Ծինփինի համար՝ գերտերությունների միջև երկարաժամկետ համագործակցությունն ու Չինաստանի ազգային շահերի պաշտպանությունը։
Անի Վարդանյան






















